Գերիների հարցի քննարկման տապալումը նշանակում է, որ ԱԺ-ում գոյություն չունի քաղաքական գործընթաց. Ռուբեն Մելիքյան
Եթե գերիների հարցի քննարկումը, ըստ «ուսապարկերի», շահարկում է, ապա այդ դեպքում ինչի համար է ԱԺ-ն, եթե չպետք է քննարկվի դա։ Գերիների հարցը բոլորիս է հուզում։ Գերիների հարցի քննարկման տապալումը նշանակում է, որ ԱԺ-ում գոյություն չունի քաղաքական գործընթաց։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Այն, ինչ տեղի էր ունենում ԱԺ-ում, ընդամենը մի փոքրիկ խմբակի գործունեություն է, որը նպատակ է հետապնդում ամեն գնով պահպանելու իշխանությունը»,- նշեց Մելիքյանը։
Իրավապաշտպանն ընդգծեց, որ գերիների հարցը մեկ նախադասությամբ փակել էր Փաշինյանը՝ նշելով, թե, կներեք, չստացվեց լուծել դա։
Ըստ նրա, այս ամբողջ պատմությունը երկու մեծ վարկած ունի, որոնցից մեկի համաձայն՝ գործ ունենք դավաճանության հետ, դա կոնկրետ դիտավորյալ թշնամական գործունեություն է ՀՀ-ի նկատմամբ, իսկ երկրորդ վարկածի համաձայն՝ այս մարդիկ ապաշնորհ են։
«Երկու վարկածի դեպքում էլ ունենք իրավիճակ, որ այս մարդիկ ունակ չեն լուծելու գերիների հարցը, իմիտացիաներ են անում, ասում են՝ մեզ համար դա առաջնահերություն է։ Հերթական անգամ տապալվեց ձեր պլանը, եթե դա պլան էր»,- նշեց Մելիքյանը՝ հավելելով, որ Լավրովի այսօրվա հայտարարության մեջ թափանցիկ ակնարկներ կան, որ մեր իշխանությունները ևս մեծ մեղք ունեն, որովհետև չեն ներկայացրել ցուցակները, պատշաճ ձևով չեն վերաբերվել գերիների հարցին։
Ըստ Մելիքյանի՝ պետք էր ճշտել, թե ովքեր են գերիները, ինչ մեխանիզմներ կար պարզելու՝ տվյալ անձը գերի է, թե ոչ, պետք է ճնշումներ լինի Ադրբեջանի վրա՝ ոչ թե առաջին հերթին վերադարձնելու, այլ՝ հրապարակավ և թափանցիկ ձևով հայկական կողմին, Կարմիր Խաչին և Ռուսաստանին ներկայացնելու գերիների իրական թիվը։
Մելիքյանը նշեց, որ «Իրավական ուղի» կազմակերպությունը պատերազմի կեսերից առ այսօր օրական 24 ժամ շաբաթը 7 օր զբաղվում են այդ հարցով։ Մելիքյանը նշեց, որ կան մարդիկ, որոնք վստահաբար ադրբեջանական գերության մեջ են, բայց մյուսների հարցով, որոնք համարվում են անհետ կորած և չի բացառվում, որ ադրբեջանական գերության մեջ են, այդ մասով Ադրբեջանը չի համագործակցում և չի համագործակցում միջազգային դատարանի հետ։
Բացի դա՝ Մելիքյանը նշեց, որ նոյեմբերի 9-ից հետո ՄԻԵԴ-ը փոխել է վերաբերմունքը, քանի որ կողմերը միասին հաց են ուտում, ավելին՝ տեղեկություններ կան, որ Փաշինյանն Ալիևի կենացն է խմել։
«Այսքանից հետո ԵԴ-ն կամ մեկ այլ մարմին այս հարցով լուրջ կզբաղվի՞»,- նշեց նա՝ հավելելով, որ իշխանությունները ճիշտ ձևով չեն ներկայացնում գերիների հարցը։