Այսօրվա աղետն աննկատ հասունացավ հենց այն ժամանակ, երբ ոչ արհեստավարժ մեկի երևակայության մեջ հակառակորդներն ու թշնամիները տեղերով փոխվեցին․ քաղաքագետ
Այլընտրանք ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Քաղաքականության ընկալումը Հայաստանում մանր ինտրիգների ընկալումից, ցավոք սրտի, վեր չբարձրացավ, որի պատճառով պետականության էքզիստենցիալ գիտակցումը մնաց ցածր աստիճանի վրա:
Առաջիկա քաղաքական փոփոխությունները, որոնք անպայման լինելու են, պետք է լինեն բովանդակային հենց այս հարթության վրա: Պետք է հաղթահարվի ինքնանպատակ իշխանատենչության բարդույթը, եթե իհարկե ուզում ենք արժանի լինել այս տարածաշրջանում պետություն ունենալուն, որովհետև քաղաքաականությունը լայն իմաստով պետության կայացմանն և ուժեղացմանը միտված բարիքի ձևավորման արվեստն է, այլ ոչ մանրախնդրությունների շուրջ ձևավորված հարափոփոխ նպատակահարմարությունների:
Ի վերջո հարկավոր է համակերպվել, որ
1. Քաղաքականությունը ժամանցային բնագավառ չէ, այն կոնցեպտուալ գիտելիքներ և հմտություններ պահանջող հարաբերությունների կառուցակարգ է և գործառույթների նպատակային ամբողջություն: Այլ կերպ ասած, անընդունելի պետք է համարվի սիրողական մակարդակում քաղաքականությամբ զբաղվելը:
2. Իշխանությունը պետք է դիտարկել գերազանցապես բարիքի ձևավորման աղբյուր, որտեղ հստակ պետք է լինի ֆիքսված նպատակի, արհեստավարժության և կամքի պատճառահետևանքային շղթան: Նիկոլը հենց ցույց տվեց, որ ոչ արհեստավարժը, ով չգիտի որտեղ է գնում, հայտնվում է վերջում չգիտես որտեղ:
3. Հարավոր է հաղթահարել բաժանարար գծեր չանցկացնելու բարդույթը, ինչը փոխադարձ ատելություն ծնող վնասակար աղբյուր է պետականության համար ընդհանրապես: Պատկերացրեք, աղողջությանը շարունակաբար սպասարկում է օրգանիզմի միայն կեսը: Արդյունքում թույլ իմունային համակարգ՝ հատկապես արտաքին ազդեցությունների և հակազդեցությունների նկատմամբ, օրգանիզմի շարունակական և անդառնալի հյուծում: Քաղաքական մարդը պետք է ուժ ունենա հրաժարվելու ատել պետությանը միայն նրա համար, որ ինքը տեղ չունի իշխանական կառուցակարգում:
Պլատոնը երկուսուկես հազարամյակ առաջ իր նշանավոր երկխոսության մեջ հստակ առանձնացնում էր հակառակորդ և թշնամի եզրույթները՝ Աթենքի և հունական մյուս քաղաք-պետությունների միջև պայքարը որակելով որպես մրցակցություն, իսկ վերջիններիս՝ հակառակորդներ, իսկ Աքեմենյան տերության դեմ պայքարը համարում էր թշնամական: Կա՛մ ես պետք է լինեմ Հայաստանի վարչապետը, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենալու Նիկոլի հայտնի ֆրազը թշնամական մոտեցում էր մրցակիցների նկատմամբ ի սկզբանե, ինչը չտեսանք օրինակ Ադրբեջանի հանդեպ դրսևորված նրա վարքագծում հենց առաջին օրվանից: Եվ այսօրվա աղետն աննկատ հասունացավ հենց այն ժամանակ, երբ ոչ արհեստավարժ մեկի երևակայության մեջ հակառակորդներն ու թշնամիները տեղերով փոխվեցին: