Չինացի միլիարդատեր, Alibaba-ի հիմնադիր Ջեք Մայի անհետացումը լուրջ անհանգստություն է առաջացրել Եվրախորհրդարանում

Եվրախորհրդարանի փոխնախագահ և Գերմանիայի ազատ դեմոկրատական կուսակցության ղեկավարի տեղակալ Նիկոլա Բերն անհանգստացած է Alibaba ընկերության հիմնադիր Ջեք Մայի անհետացմամբ։ Այս մասին նա ասել է Neue ruhr zeitung-ի հետ հարցազրույցում։
Ընդհանուր առմամբ Բերը դժգոհ է Չինաստանի հանդեպ ԵՄ քաղաքականությունից։ Նրա խոսքով՝ Բրյուսելի և Պեկինի միջև ներդրումային համագործակցության մասին համաձայնագրի շուրջ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը չի պարունակում մարդու իրավունքների պահպանման անհրաժեշտության վերաբերյալ հստակ ձևակերպումներ։ ԵՄ-ի նման վարքը, ինչպես ընդգծել է Բերը, երկակի չափանիշների դրսևորում է։
Չինացի միլիարդատերը վերջին անգամ հանրությանը երևացել է հոկտեմբերի 31-ին՝ մասնակցելով Alibaba-ի միջոցառմանը։ Սակայն դրանից հետո նույնիսկ բաց է թողել Africa’s Business Heroes սեփական ռեալիթի շոուի եզրափակիչը, որտեղ պետք է հանդես գար գլխավոր ժյուրիի դերով։
Նրա անհետացման մասին չինական սոցցանցերում լուրեր են տարածվել հունվարի 10-ին։ Ըստ շշուկների՝ Ման անհետացել է այն բանից հետո, երբ քննադատել է Չինաստանի ֆինանսական կարգավորիչ մարմինների գործունեությունն ու դեմ հանդես եկել տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ Չինաստանի որդեգրած կուրսին։ Տեղեկություններ կան, որ կարգավորիչ մարմինները հակամենաշնորհային հետաքննություն էին սկսել Alibaba Group-ի դեմ։