Դավաճան վարչապետից ազատվելու համար պետք է ապավինենք ոչ թե Սահմանադրությանը, այլ բնական իրավունքին․ սահմանադրագետ
Ամենևին հակված չեմ հավատալ, որ գործող վարչապետին հնարավոր կլինի սահմանադրական ճանապարհով պաշտոնից հեռացնել, քանի որ սահմանադրական միակ եղանակը նրա կողմից կամովի հրաժարական ներկայացնելն է կամ ԱԺ-ի 67 պատգամավոր պետք է անվստահություն հայտնի գործող վարչապետին ու նոր վարչապետ ընտրի։ Alternativ.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը՝ անդրադառնալով սահմանադրական ճանապարհով վարչապետ Նիկոլ Փաշինյանի պարտականությունների դադարեցման հարցին։
Այվազյանը ընդգծեց, որ սահմանադրական կառուցակարգերն այս երկուսն են, բայց ունենք արտակարգ իրավիճակ, գտնվում ենք գոյաբանական վտանգի առջև ենք, և սահմանադրական կարգավորումները պետք է երկրորդ պլան մղվեն․ «Սահմանադրությունն այնպիսի տեսքով է ընդունվել, որ կարողանան ապահովել Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությունը, և բնականաբար, բոլոր հաշվարկներն արվել են այդ նպատակով, բայց տվյալ ժամանակահատվածում դավաճան վարչապետից ազատվելու համար պետք է ապավինենք ոչ թե Սահմանադրությանը, այլ բնական իրավունքին, իսկ բնական իրավունքն անկախ բոլորիս կամքից, օբյեկտիվորեն գոյություն ունեցող իրավունք է, իսկ բնական իրավունքում ժողովուրդը համարվում է բարձրագույն իշխանության սեփականատերը, և ժողովուրդն ունի բռնությանը դիմագրավելու իրավունք։ Այսօր դավաճան իշխանությունների կողմից ժողովրդի հանդեպ կիրառվում է ամենաբիրտ բռնությունը, պետությանը դավաճանելուց հետո երկրորդ բիրտ բռնությունը կիրառվում է ժողովրդի հանդեպ, և ժողովուրդն իրավունք ունի ցանկացած եղանակով դիմադրելու բռնությանը, որը Սահմանադրությամբ նախատեսված չէ»,- նշեց սահմանադրագետը։
Ազգային ժողովի բացարձակ մեծամասնությունը, մեր զրուցակցի բնութագրմամբ, այս պահին դավաճան իշխանությունն է, և ըստ Այվազյանի՝ դավաճանների Խորհրդարանը չի դավաճանի նաև իր պարագլխին՝ վարչապետին։ «Դրա համար բացարձակապես ճիշտ չէ իշխանություններին հեռացնելու սահմանադրական կառուցակարգերին ապավինելը, քանի որ նրանք նույնպես իշխանության են եկել Սահմանադրության կոպտագույն ոտնահարումներով, 2․5 տարվա ընթացքում իշխանությունների կողմից միմիայն Սահմանադրության կոպիտ ոտնահարումներ ենք տեսել ՝ սկսած դատարանների շրջափակումից, իշխանության գալիս փողոցները փակելիս, սահմանադրական փոփոխությունները հիշենք՝ կապված ՍԴ-ի հետ, և բազմաթիվ այլ հարցեր։ Մեր ժողովուրդը պետք է ցանկացած քայլ անի, որը մեկ ժամ ավելի շուտ հնարավորություն կտա ձերբազատվել իշխանությունից, անկախ նրանից՝ դա Սահմանադրության շրջանակներում է, թե ոչ»,- ասաց մեր զրուցակիցը։
Խոսելով վարչապետի անձեռնմխելիության մասին՝ Այվազյանը նշեց, որ ըստ Սահմանադրության, վարչապետն օժտված չէ անձեռնմխելիությամբ, ինչը նշանակում է, որ պաշտոնը զբաղեցնելու ընթացքում վարչապետի հանդեպ հնարավոր է քրեական գործ հարուցել, բայց ըստ Այվազյանի, նման բան չի արվի իրավապահ մարմինների կողմից։
Վարչապետի փոփոխության իրավական այլ ուղիներ, Այվազյանի խոսքով, չկան․ բարձրագույն իշխանության լինել-չլինելը, պաշտոնավարման շարունակությունը առաջին հերիթն կարգավորվում է Սահմանադրությամբ, և բնակաբար, սահմանադրական կառուցակարգերն էլ բացակայում են՝ կամ պետք է վարչապետը հրաժարական տա, կամ պետք է ԱԺ ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը նրան անվստահություն հայտնի, ինչը, սահմանադրագետի փոխանցմամբ, գործնականում հնարավոր չէ, քանի որ երկրում ռազմական դրություն է։ «Այս պարագայում ամեն մի հայ մարդու մեջ իր ինքնապահպանության, հայկական ինքնության պահպանման բնազդը պետք է խոսի, և համատեղ ուժերով կարողանան բարոյական ազդեցություն գործել իրավապահ մարմինների վրա՝ Ոստիկանության, ԱԱԾ-ի և այլնի, որոնք դավաճան իշխանություններին աջակցելու փոխարեն կանգնեն ժողովրդի կողքին, երբ վարչապետն ու ԱԺ-ն տեսնեն, որ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն սատարում է ժողովրդին, իրենք կամովի իրենց հրաժարականը կտան»,-ասաց Այվազյանը։
Այվազյանը նաև անդրադարձավ ռազմական դրության պահպանմանը՝ նշելով հետևյալը․ «Իշխանությունը շտապում էր Սահմանադրական դատարանի կազմը փոխել, որպեսզի ՍԴ-ն ռազմական դրությունը հակասահմանադրական չճանաչի, այդ պատճառով էլ պահպանվեց ռազմական դրությունը, որպեսզի իրենց ցանկացած ազգադավ գործողություն հիմնավորեն ռազմական դրությամբ»։