Հայաստանը մեզ չի խնդրում ճանաչել Ղարաբաղը. Ֆրանսիայի արտգործնախարար
Հայաստանը Ֆրանսիային չի խնդրում ճանաչել Ղարաբաղը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատում Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին բանաձևի նախագծի քննարկման ժամանակ (մի քանի օր առաջ նման նախաձեռնություն քննարկվել է Սենատում, այսինքն ՝ խորհրդարանի Վերին պալատում)։
«Պատերազմի ժամանակ ռմբակոծությունները չխնայեցին ո՛չ հիվանդանոցները, ո՛չ տաճարները, հազարավոր խաղաղ բնակիչներ ստիպված եղան լքել իրենց տները։ Ֆրանսիայում ոչ ոք չպետք է անտարբեր մնա այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է Ղարաբաղում»,–հավելել է նախարարը:
Նա ընդգծել է, որ հասկանում է պատգամավորներից շատերի վրդովմունքը ռազմական հանցագործությունների, կասետային և ֆոսֆորային ռումբերի օգտագործման կապակցությամբ: Շատերը, այդ թվում ՝ նախարարը, խստորեն դատապարտում են Սիրիայից օտարերկրյա վարձկանների ներգրավումը։
Շատերը, ինչպես և նախարարն ինքը դատապարտում են Թուրքիայի գործողությունները, որի մրցակցությունը Ռուսաստանի հետ անկայունության է հանգեցնում տարածաշրջանում։ Լը Դրիանի խոսքով` Թուրքիան վճռական աջակցություն է ցուցաբերել հակամարտության կողմերից մեկին, այդ թվում ՝ վարձկաններ ուղարկելով, ինչպես դա արել է Լիբիայում:
«Այդուհանդերձ, ես աջակցում եմ բանաձևի նախագծին, քանի որ մեր հայ ընկերները մեզ չեն խնդրում այդ մասին, և իրենք չեն ճանաչել Ղարաբաղը։ Իմ հայ գործընկերը՝ պարոն Այվազյանը, մեզ այլ բան է խնդրում՝ աջակցել հրադադարին և ապահովել մարդկանց վերադարձը իրենց տներ», - ասել է Լը Դրիանը։