Քանի դեռ Հայաստանում ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը, Ալիևի ախորժակը ոչ միայն չի պակասելու, այլև ավելանալու է․ քաղաքագետ

Հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը ստորաբար ստել է, խաբել է հանրությանն ու չի նշել, որ Բերձորն անցնելու է թշնամու տիրապետության տակ, մինչև վերջին պահը մարդիկ անգամ իրենց ապրուստը չէին հավաքում՝ հույս ունենալով, որ կմնան իրենց տներում։ Այս մասին Alternativ.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ այսօրվանից՝ դեկտեմբերի 1-ից, Արցախի Լաչինի շրջանն անցնում է Ադրբեջանի վերահսկողության ներքո՝ ըստ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության։
Խոսելով այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարության մասին, թե Բերձոր քաղաքը պետք է տրվի ադրբեջանական կողմին և նոր միջանցք, նոր երթուղի կառուցվի՝ Մաթևոսյանը նշեց, որ այս մտքի կյանքի կոչումը կբերի նրան, որ Շուշի տանող ճանապարհը մեզ համար ընդհանրապես փակ կլինի, իսկ Ադրբեջանն էլ այնպես կանի, որ հայկական կողմը հնարավոր տարբերակ չունենա ինչ-որ կերպ մասնակցելու Շուշիում տեղի ունեցող գործընթացներին։
Հետագայում էլ, սըտ քաղաքագետի, ադրբեջանական կողմն ամեն կերպ կփորձի հայաթափել Արցախի մնացած հայկական տարածքները։ «Քանի դեռ Հայաստանում ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը, Ալիևի ախորժակը ոչ միայն չի պակասելու, այլև ավելանալու է։
Միգուցե սրանով չբավարարվեն ու հետագայում էլ ասեն՝ եկեք երկաթուղային գիծ կառուցենք․․․ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԺ իշխող խմբակցության որոշ ներկայացուցիչներ կամ Էկոնոմիկայի նորանշանակ նախարարը ոգևորությամբ նշում են, որ թուրքական ապրանքները մեզ մոտ կվաճառենք, հայկականն էլ՝ իրենց մոտ, չեն գիտակցում, որ փորձ է արվում ՀՀ-ում իրականացնել այն, ինչն արվեց Վրաստանում՝ թուրք-ադրբեջանական տանդեմի տնտեսական կցուրդ դարձնել Հայաստանը»,- նշեց Մաթևոսյանը։ Վերջինիս դիտարկմամբ, ՀՀ-ում պետք է այն որակի իշխանություն լինի, որը վստահելի կլինի ՌԴ-ի համար, ոչ թե այն իշխանությունը, որն այսօր կա։
«Փաստորեն Հայաստանի ղեկավարն անգամ չի կարողանում պայմանավորվել Ռուսաստանում հանդիպումներ կազմակերպելու շուրջ, էլ ինչի՞ մասին է խոսքը։ Հայաստանում անհրաժեշտ է մի իշխանություն, որը 100 տոկոսով համահունչ կգործի Մաոսկվայի հետ, որպեսզի կարողանանք նախ խուսափել թուրք-ադրբեջանական տանդեմի տնտեսական կցուրդ դառնալու հնարավոր հետևանքներից, կարողանաք ապահովել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, հետո արդեն կարողանանք կարգավորել Արցախի հետ հնարավոր հարցերը Հարավային Օսեթիայի կամ Աբխազիայի տարբերակով։ Սա հնարավոր է, եթե իշխանության չլինի Նիկոլ Փաշինյանը, Նիկոլ Փաշինյանի թիմը, Նիկոլ Փաշինյանի մտածողություն ունեցող անձը։ Այլ տարբերակ պարզապես չկա»,- նշեց քաղաքագետը։
Մաթևոսյանը շեշտեց, որ այս պահին վտանգված է նաև Հայաստանի Հանրապետությունը․ զիջվում են տարածքներ, որոնք չպետք է զիջվեին՝ Կապանի օդանավակայանի տարածքը և այլն։ «Մարդիկ պարզապես դեռ չեն գիտակցում՝ ինչ խնդիրների առջև ենք հայտնվել։ Իսկ մենք հիմա ունենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելու խնդիր, առավել ևս, երբ Թուրքիան ակնհայտորեն շատ դժգոհ է պատերազմի արդյունքներից, ու տրամաբանական է , որ ինչ-որ կերպ փորձելու է խախտել պայմանավորվածությունը, որպեսզի կարողանա ստանալ ցանկալի արդյունքներ։ Հետևաբար, առաջին հերթին պետք է մտածենք՝ ինչպես փրկենք ՀՀ-ն այս իշխանությունից»,- ընդգծեց Բենիամին Մաթևոսյանը։