Փաստաթուղթը ստորագրելիս Փաշինյանը մեկ րոպե անգամ չի մտածել Արցախի բնակիչների անվտանգության, մեր սահմանագծերի և այլ հարցերի մասին․ քաղաքագետ

Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ փաստաթուղթը ստորագրելիս Փաշինյանը մեկ րոպե անգամ չի մտածել Արցախի բնակիչների, նրանց անվտանգության, մեր սահմանագծերի և այլ հարցերի մասին։
Այս հարցերի մասին ոչ միայն այդ պահին չի մտածել, այլև ստորագրմանը հետևած 20 օրերի ընթացքում քայլ անգամ չի արել, չի կարողացել որևէ կերպ բարձրացնել այս մարդկանց հարցերն ու դրանց լուծում տալ։ Alternativ.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Աննա Կարապետյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ այսօրվանից Արցախի Լաչինի շրջանն անցնում է Ադրբեջանի վերահսկողության ներքո՝ համաձայն նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթղթի։
«Մարդիկ փաստացի որևէ կերպ չստանալով պետության աջակցությունը, չստանալով միանշանակ պատասխան՝ պե՞տք է լքեն իրենց տները, թե՞ ոչ, հայտնվում են ադրբեջանցի զինվորների հետ դեմ առ դեմ՝ իրենց կյանքի համար առաջացող բոլոր վտանգներով հանդերձ։ Այսօր դժվար է ասել, թե Լաչինի խնդիրն ինչ հանգուցալուծում կունենա, քանի որ պետք է արձանագրել, որ մեր պետական ինստիտուտները չեն գործում, սահմանները որոշվում են տեղում՝ ելնելով ստեղծված իրավիճակից, ուստի Լաչինի բնակիչներն այսօր մեծ վտանգի առաջ են հայտնվել, իսկ Ադրբեջանի նախագահն էլ փորձում է մաքսիմալ օգտվել իրեն ընձեռնված հնարավարությունից և ստանալ առավելագույնը, ինչը կարող է ստանալ այս անիշխանության պայմաններում։ Այսօր փաստացի քաղում ենք հերթական հարցում Նիկոլ Փաշինյանի ու գործող կառավարության ոչ ունակ լինելու և խնդիրը բոլորովին չպատկերացնելու արդյունքը»,- նշեց Կարապետյանը։
Վերջինս դիտարկամամբ, Արցախյան հարցը չի կարելի լուծված համարել քանի դեռ լուծված չէ այդ հակամարտության սկզբնաղբյուր պատճառը, այն խնդիրը, որի պատճառով ծագել է այս հակամարտությունը, այսինքն, քանի դեռ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչված չէ, հնարավոր չէ հակամարտությունը լուծված համարել։
«Ադրբեջանի ներկայիս հայտարարությունները, թե ԼՂ հակամարտությունը լուծված է, հետևանքներն են նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության, որտեղ Փաշինյանը համաձայնություն է տվել մի փաստաթղթի, որում որևէ բառ անգամ չկա կարգավիճակի վերաբերյալ՝ հույս ունենալով, որ հետագայում կարողանալու է դա լուծել բանակցությունների միջոցով։ Բայց միանշանակ ակնհայտ է, որ այս պարագայում, երբ Ադրբեջանը ստացել է ավելին, քան երբևէ երազել է ստանալ, ոչ մի մոտիվացիա չի ունենալու ներգրավվել բանակցություններում ու փորձել կարգավիճակի հարց լուծել։ Այսօր էլ արդեն Իլհամ Ալիևը հայտարարում է, որ իր համար հակամարտությունը լուծված է, այսինքն, ինքը կարգավիճակի հարց լուծելու ցանկություն կամ մտադրություն չունի։
Բնական է, որ մեր ներկայիս իշխանությունն էլ որևէ ռեսուրս չունի, որպեսզի ստիպի Ադրբեջանին նման բանակցություններում ներգրավվել։ Դրանով է նաև հիմնավորված այն պահանջը, որ Նիկոլ Փաշինյանը և գործող կառավարություն պետք է հեռանան, գա նոր իշխանություն, նոր կառավարություն, ունենանք բավականաչափ դիվանագիտական ռեսուրս, որպեսզի կարողանանք միջնորդների հետ համակարգված գործելով վերականգնել բանակցային գործընթացը և օրակարգ բերել ու արագ լուծում տալ կարգավիճակի հարցին, այդ թվում՝ Ադրբեջանի վրա որոշակի ճնշում գործադրելով»,- նշեց քաղաքագետը։
Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու մասին խոսելիս մեր զրուցակիցը ընդգծեց, որ եթե միջնորդների մոտ ընկալում կա, որ ԼՂ հակամարտությունը պետք է հարատև կարգավորում ունենա, ուրեմն պետք է քայլեր ձեռնարկվեն այնպիսի լուծումներ ունենալու ուղղությամբ, որոնք բոլոր կողմերի համար վերջնական լուծում կենթադրեն։
«Այսինքն, բոլոր խնդիրները վերջնական կարգավորում ստացած կլինեն, և ստեղծված իրավիճակը շատ թե քիչ ընդունելի կլինի բոլոր կողմերի համար, իսկ կողմերն էլ հետագայում կկարողանան ապրել այդ լուծման հետ։ Ներկայիս իրավիճակը, բնականաբար, այդպիսին չէ, և միջնորդների մոտ հստակ պետք է լինի այն գիտակցումը, որ ստեղծված չլուծված խնդիրները պետք է լուծում ստանան, անարդարությունը պետք է կարգավորվի, լուծումն էլ պետք է արդարացի լինի։
Հետևաբար, այդ հնարավորությունը կա, որպեսզի միջնորդներն առաջին հերթին տարածաշրջանի հետագա կայունության և հարատև կարգավորման հեռանկարի համար ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա՝ դրդելով նրան վերադառնալ բանակցային սեղանի շուրջ և կարգավորում տալ նաև կարգավիճակի հարցին։ Այստեղ մենք պետք է շատ մեծ աշխատանք տանենք, սակայն գործող իշխանությունն ուղղակի ունակ չէ նման աշխատանք տանել»,- ընդգծեց Աննա Կարապետյանը։