Մեկ կուսակցությամբ խորհրդարան Վրաստանում. ինչ է սպասվում

Դեկտեմբերին Վրաստանի 10-րդ գումարման խորհրդարանը կսկսի իր աշխատանքը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2020 թվականի խորհրդարանական ընտրւթյունների վերջնական արդյունքների համաձայն իշխող «Վրացական երազանքը» ստացել է ձայների 48,22%-ը։ Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում. Ուժը միասնության մեջ է» խմբակցությունը՝ 27,18% ձայն։ Բացի այդ՝ 1%-անոց շեմը հաղթահարել է ևս 7 կուսակցություն։ Տեղեկացնում է Aliq.ge-ն։
2-րդ փուլ էր նշանակված 17 ընտրատարածքում. ընդդիմությունը, սակայն, հրաժարվեց մասնակցել դրանց՝ ընդդիմության 76 ձայներին ավելացնելով ևս 20 ձայն։ Նոր խորհրդարանը լիարժեք իրավասություններ է ստանում ամբողջ կազմի 2/3-ի դեպքում, այսինքն 100 պատգամավորի իրավասություններն ընդունելուց հետո։
Ընդդիմադիր բոլոր կուսակցությունները բոյկոտ հայտարարեցին խրհրդարանական ընտրություններին: Ընդդիմադիր կուսակցությունները, որոնք ընտրությունների արդյունքներով խորհրդարան էին մտնում, պաշտոնական փաստաթուղթ են ստորագրել մանդատներից հրաժարվելու մասին.
«Մենք՝ ընդդիմադիր կուսակցությունները, որոնց արդյունքները կեղծվել են, հրաժարվում ենք խորհրդարանական մանդատներից ու կձեռնարկենք բոլոր քաղաքական ու իրավական քայլերը՝ «դե յուրե» և «դե ֆակտո» այսպես կոչված «խորհրդարան» չմտնելու համար»,- ասված է հայտարարությունում։
Ինչ որոշումներ կարող է կայացնել նոր խորհրդարանը
«Վրացական երազանքը» նոր գումարման խորհրդարանում ստացել է 90 մանդատ, կուսակցական ցուցակով` 60, 30-ը` մեծամասնական ընտրատարածքներից։ Սա նշանակում է, որ կուսակցությունը միանձնյա չի կարող.
• սահմանադրություն փոխել,
• նախագահին իմպիչմենտ հայտարարել,
• տարածքային ամբողջականության հետ կապված սահմանադրական օրենք ընդունել,
• գյուղատնտեսական հողերի հետ կապված օրենք ընդունել,
• պետության տարածքային ամբողջականության կամ պետական սահմանի փոփոխության մասին օրենք փոփոխել կամ չեղարկել։
Ինչ վերաբերում է նորմատիվ ակտերին, սրանց ընդունման համար բավարար է նիստին ներկա խորհրդականների մեծամասնության աջակցությունը (ոչ պակաս քան 50), իսկ սահմանադրական օրենքի համար հարկավոր է խորհրդարանականների մեծամասնության համաձայնությունը (76 պատգամավոր)։