Թուրքիան ցանկանում է մերձենալ ԱՄՆ-ին՝ Ռուսաստանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով. Bloomberg
Թուրքիան նախատեսում է վերանայել ԱՄՆ-ի նկատմամբ իր քաղաքականությունը՝ Ռուսաստանի հետ տարաձայնությունների պատճառով, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին,-տեղեկացնում է Shantnews.am-ը․
Անկարան, բարելավելով հարաբերությունները Վաշինգտոնի հետ, ապավինում է զենքի պայմանագրերի կնքմանը: Թուրքիայի իշխանությունները հույս ունեն նաև, որ Միացյալ Նահանգները կօգնի հաղթահարել ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ առկա տարաձայնությունները: Հաղորդել են Bloomberg- ի աղբյուրները:
Գործակալության տվյալներով ՝ Թուրքիային ԱՄՆ-ի հետ մերձեցման է մղում ԱՄՆ ընտրություններում Բայդենի հաղթանակը և Եվրամիության պատժամիջոցների սպառնալիքը: Բացի այդ, դրա վրա ազդում են Ռուսաստանի հետ հակասությունները Սիրիայում, Լիբիայում տիրող իրավիճակի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած զինված բախումների շուրջ, որում Անկարան աջակցում էր Ադրբեջանին:
Միևնույն ժամանակ, Անկարան կարող է հրաժարվել ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերը ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգում ինտեգրելուց` Վաշինգտոնի կողմից նոր պատժամիջոցներից խուսափելու համար, հաղորդում է Bloomberg-ը:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան ակնկալում է Ջո Բայդենի երդմնակալությունից հետո ԱՄՆ-ի հետ հարաբերությունները սկսել «նոր էջից»: Նա ավելացրել է, որ շարունակելով կապել ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը Անկարայի ՝ F-35 կործանիչների արտադրության ծրագրին մասնակցության և պատժամիջոցների հետ, ԱՄՆ-ը խաթարում է Թուրքիայի հետ պաշտպանական հարաբերությունները: