Էդմոն Մարուքյանն առաջարկում է ստեղծել գերիների հարցով եռակողմ հանձնաժողով
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի հետ քննարկումից հետո հայտնում է, որ գերիների հետ կապված ունեն նոր առաջարկ: Մասնավորապես, առաջարկվում է ստեղծել եռակողմ՝ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողով:
«Հայ ռազմագերիների հարցով երեկ ՌԴ նախագահին ուղարկված իմ դիմումից հետո՝ այսօր իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի հետ քննարկման արդյունքում ծնվեց մի նոր առաջարկություն ևս: Այսպիսով, ելնելով ստեղծված իրապես օրհասկան վիճակից, առաջարկում ենք նաև ստեղծել եռակողմ՝ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողով, որն անարգել կայցելի երկու կողմերում պահվող ռազմագերիներին, կկանխարգելի ռազմագերիների նկատմամբ հնարավոր վատ վերաբերմունքը, կճշտի նրանց ընդհանուր թվաքանակը՝ պահվող երկու կողմերում, իրական գտնվելու վայրերը և պահման պայմանները: Հանձնաժողովը պետք է հնարավորինս արագ ստեղծվի՝ ի պաշտպանություն ռազմագերիների և հանուն նրանց անհապաղ վերադարձի իրենց ընտանիքներ»,-ասված է պատգամավորի գրառման մեջ: