Մի հերոսի պատմություն․ Ժոռա Թարզյանը կրկին քայլել է սովորել (տեսանյութ)

18-ամյա ժամկետային ծառայող Ժոռա Թարզյանը երկու ամսվա զինծառայող է եղել, երբ սկսել է պատերազմը։
«Բանակ գնալու օրերն իմ համար ահավոր սպասված են եղել, միշտ ուզել եմ՝ գան այդ օրերը, որովհետև շատ էի ուզում գնայի բանակ»,-ասել է Ժոռան։
«Դիրքը փոխելու ժամանակ երբ արկերը պայթեցին, չեմ գիտակցել՝ ինչ է կատարվել ու երբ որոշ չափի ինքնազգացողությունս բարելավվեց, ես կարողացա քայլել մոտ 40 րոպե- մի ժամ քայլել եմ, քանի որ կային այլ վիրավորներ, նրանց վիճակն ավելի վատ էր։ Օգնեցինք, նրանց տեղափոխեցինք առաջին օգնություն ցույց տվող մարդկանց մոտ։ Քայլելու ընթացքում արյունահոսությունը շատ -շատ էր, ես զգում էի. ինքնազգացողությունս շատ վատացավ ու ես ընկա ու արդեն հիշում եմ էն, որ ինձ տեղափոխել էին մեքենայի մեջ, կատարվել էին վիրահատությունները, հեռացվել են ինչ-որ չափով բեկորներ, վիրակապել էին և տեղափոխել Երևան»,-պատմում է Ժոռան։
Բոլորը համաձայնում են, որ սպիտակցի զինվորը երջանիկ աստղի տակ է ծնվել, որ եթե չլիներ զրահաբաճկոնը, դժվար թե ստացվեր փրկել նրա կյանքը։
«Քանաքեռ Զեյթուն ԲԿ»-ի ընդհանուր վիրաբույժ Գևորգ Սաֆարյանը նշում է, որ Ժոռան կրկին քայլել է սովորել, հիմա վիճակը բավարար է, Ժոռան ստանում է համապատասխան դեղորայքային բուժում։
Ընտանիքի միակ որդին ասում է, թե շատ կուզենար հնարավորինս շուտ ապաքինվել, որպեսզի շարունակի զինվորական ծառայությունը, իսկ դրանից հետո կգա նաև կայուն ու խաղաղ երկիր կառուցելու ժամանակը։