Ռուսաստանը Կարմիր խաչին 2 մլն եվրո է փոխանցել` Արցախում կատարվելիք գործողությունների համար

Որոշումը կայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրերի հետ հանդիպման ժամանակ։
Ռուսաստանը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) 2 մլն եվրո է փոխանցել` Արցախում մարդասիրական գործունեություն իրականացնելու համար։ Որոշումը կայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԿԽՄԿ նախագահ Փիթեր Մաուրերի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Վերջերս Կարմիր խաչի նախագահը եկավ Մոսկվայում էր և ներկայացրեց այն ծրագրերը, որոնք իրականացվում են Լեռնային Ղարաբաղում: Նախագահ Պուտինը ասաց, որ Ռուսաստանը ԿԽՄԿ-ին երկու միլիոն եվրոյի չափով գումար կտրամադրի, որը նպատակաուղղված կլինի Ղարաբաղում այս կառույցի աշխատանքը հեշտացնելու համար», – ասել է Լավրովը։
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ԼՂ–ում զբաղվում է անհայտ կորած և գերեվարված զինծառայողների և քաղաքացիական անձանց հարցերով, ինչպես նաև մասնակցում դիերի փոխանակման աշխատանքներին։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։