Ադրբեջանը միջնորդություն է ուղարկել Ռուսաստանին լրագրող Սեմյոն Պեգովի գործով
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պաշտոնական միջնորդություն է ուղարկել Ռուսաստանի գլխավոր դատախազություն՝ խնդրանքով քննություն անցկացնել ռազմական լրագրող Սեմյոն Պեգովի՝ WarGonzo նախագծի հեղինակի նկատմամբ: Ինքը՝ լրագրողը, իր հանդեպ նման ուշադրությունը բացատրում է նախագծի մասնակիցների «բացահայտող աշխատանքով», հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Բաքվում լրագրողի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել:
Քրեական գործ է հարուցվել 214-2 (ահաբեկչության հրապարակային կոչեր), 281.1 (պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր), 283.2.1 (ԶԼՄ-ներում հրապարակային կոչեր՝ ուղղված ազգամիջյան թշնամության հրահրմանը բռնություն կիրառելու սպառնալիքով) հոդվածներով, հետաքննություն է ընթանում:
«Ադրբեջանի գլխավոր դատախազության որեւէ սպառնալիք չի կարող ազդել WarGonzo նախագծի աշխատանքի եւ մեր անձնական համոզումների վրա»,-Telegram-ի իր ալիքում գրել է Պեգովը:
Գլխավոր դատախազությունում հստակեցրել են, որ «նշված փաստերի հետ կապված քրեական գործի շրջանակներում պաշտոնական միջնորդություն է ուղարկվել ՌԴ գլխավոր դատախազություն եւ այլ երկրների իրավապահ մարմիններին՝ խնդրանքով անհրաժեշտ քննչական գործողություններ իրականացնել Սեմյոն Պեգովի եւ այլ անձանց նկատմամբ»: Այդ առնչությամբ մշտական շփմում է հաստատվել ռուս գործընկերների հետ, իսկ հետաքննության ընթացքի եւ արդյունքների մասին հավելյալ տեղեկատվության կտրամադրվի հասարակությանը: