Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը կիրառել է բանակային օդուժ
Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը կիրառել է բոլոր հրթիռահրետանային միջոցները, բացառությամբ մեկ երկու ամենամեծ տրամաչափի հրթիռային միջոցների։
Այս մասին ասուլիսում հայտնեց Միասնական տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Այս պահին կատարվում են ճշտումներ։ Բայց կան տարբեր տեղեկություններ, որ հավաքել ենք, բացառությամբ մեկ-երկու ամենամեծ տրամաչափի հրթիռային միջոցների, մնացած բոլոր միջոցներն, ըստ էության, Ադրբեջանը կիրառել է։ Նաև կիրառել է բանակային օդուժը՝ այսինքն, ավիառումբեր, թռչող սարքեր, ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ԱԹՍ-ներ և այլն»,- նշեց Հովհաննիսյանը։
Անդրադառնալով հարցին, արդյոք ՀՀ ԶՈւ-ն նույնպես պատրաստվում է կիրառել ավիացիոն տեխնիկա, Միասնական տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչը հայտնեց, որ ԶՈւ հրամանատարությունը, երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրականացնում է լիարժեք կառավարում։
«Նրանք լիովին վերահսկում են իրավիճակը և ըստ անհրաժեշտության, այն զինատեսակները, որոնք նպատակահարմար կգտնվեն տվյալ մարտական իրավիճակում կիրառելու՝ վստահաբար կկիրառվեն»,- շեշտեց Հովհաննիսյանը։