Սերգեյ Լավրովն իր անհանգստությունն է հայտնել շփման գծում շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների վերաբերյալ
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:
Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարությունից: Համաձայն այդ հայտարարության՝ երկու երկրների ԱԳ ղեկավարները քննարկել են արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Սերգեյ Լավրովն իր լուրջ անհանգստությունն է հայտնել շփման գծում շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների վերաբերյալ ստացվող տեղեկատվության կապակցությամբ:
Զրույցի ընթացքում ընդգծվել է կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը: Նշվել է նաև, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին կշարունակի իրավիճակի կայունացմանն ուղղված միջնորդական ջանքեր ձեռնարկել: ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ նշված է նաև, որ նախատեսվում է զրույց Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի հետ: