Լևոնական կադրերը սաբոտաժ են անում իշխանության դեմ՝ տապալելով պետական ինստիտուտները
Վերջերս լուրեր տարածվեցին, որ Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն ու ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել են, որի ընթացքում վերջինս ընդգծել է, որ մեծ հաշվով չի հարում Նիկոլ Փաշինյանի որդեգրած քաղաքական գծին՝ այն համարելով սպառնալիք պետականությանը: Տեր-Պետրոսյանը դեսպանին վստահեցրել է, որ իր և Փաշինյանի միջև քաղաքական և անձնական կապ չկա, և որ դրա պատճառների մասին իրենք՝ Կրեմլի ներկայացուցիչները գիտեն:
Այս հանդիպմանը անմիջապես հետևեց Լևոն Տեր-Պետրոսյանին հարող շրջանակների սաբոտաժը՝ ուղղված Նիկոլ Փաշինյանի վարչակարգի դեմ: Առաջին դեպքում Սահմանադրական Դատարանի ճգնաժամի մեղավորներից Վահե Գրիգորյանի վարքագիծն է, քանի որ վերջինիս համար պարզ է, որ նա չի հավակնելու ՍԴ նախագահի պաշտոնին: Գրիգորյանը արհեստական ձգձգումների միջոցով շարունակում է պարալիզացնել ՍԴ-ի բնականոն աշխատանքը: Սրան նախորդել էր Տեր-Պետրոսյանի միտքը առ այն, որ ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակին դեմ ուղղված ընդդիմադիր կամպանիան կարող է և նա գլխավորել: Ստացվում է, որ ՍԴ արհեստական ճգնաժամ ներմուծած դատավորի հոգեհայրը որոշել է պատերազմել այդ ճգնաժամի դեմ: Հստակ է, որ այս հարցում Տեր-Պետրոսյանը Փաշինյանից չի ստացել իր ակնկալածը:
Երկրորդ դեպքում՝ սկանդալ է հասունացել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Հայտնի է, որ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը ՀԱԿ անդամ, Լևոն Տեր-Պետրոսյանի նվիրյալ Զոյա Թադևոսյանի դուստրն է: ՀՊՏՀ-ի ղեկավարությունը, թքած ունենալով ուսանողի՝ պատշաճ կրթություն ստանալու իրավունքի վրա, գործադուլ է հայտարարել: Պահանջը Դիանա Գալոյանին ռեկտոր նշանակելն է և ՀՊՏՀ խորհրդի կողմից ընտրված ռեկտորի լեգիտիմացումը: Այս ամենի արդյունքում տուժում են նրանք, ովքեր աշխատավարձով են ապահում Դիանա Գալոյանի և գործադուլ հայտարարող պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների համար: Ումից պետք է ուսանողը պահանջի իր իրավունքների ոտնահարման պատասխանը՝ հայտնի չէ, բայց այն, որ ՀՊՏՀ-ն նույնպես մխրճվել է ճգնաժամի մեջ, փաստ է:
Այս և նման այլ քայլերը միգուցե հետապնդում են որոշակի քաղաքական շահեր Տեր-Պետրոսյանի ճամբարում, միգուցե և այս ամենը իրականում ծրագրված բեմադրություն է՝ ռուս պաշտոնյաների «աչքին թոզ փչելու» համար: Երկրորդ տարբերակը քիչ հավանական է, քանի որ Տեր-Պետրոսյանն ինքն է ընդգծել, որ ռուսական կողմը լավ տեղյակ է Տեր-Պետրոսյան-Փաշինյան հարաբերությունների ներքին խոհանոցից: Մնում է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանի դեմ դուրս է եկել այն «դարբնոցի» ողջ թիմը, որտեղ հենց ինքը՝ Փաշինյանը, դաստիարակվել և թրծվել է որպես քաղաքական գործիչ:
Համավարակային պատերազմի մասին Տեր-Պետրոսյանի հայտնի սիլլոգիզմը տապալվեց, և սրա մեղավորը հենց ՀՀ առաջին նախագահն է: Մեծ հաշվով նա հակասեց ինքն իրեն՝ համավարակի պայմաններում իշխանության դեմ պայքարը համարելով դավաճանություն և կարճ ժամանակ անց հայտարերելով, որ պայքարի կարևորագույն սեկտորներից մեկի՝ ՍԴ-ի ճգնաժամի դեմ հենց ինքը պատրաստ է պայքարել:
Ստացվում է, որ ՀՀ քաղաքական դաշտը ցնցած ու պարալիզացրած երբեմնի Տեր-Պետրոսյան-Փաշինյան տանդեմը պարալիզացնում է նաև ՀՀ իրավական, կրթական և սոցիալական դաշտերը: Այս պայքարի արդյունքում տուժողը մեկն է՝ հայ ժողովուրդը:
Խմբագրական