Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը «գետնով տվեցին» Լևոն Տեր-Պետրոսյանի պատիվը

Բոլորս ենք հիշում Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի սիլլոգիզմը, որտեղ նա ասում էր՝
a) Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին,
c) Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին։ Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի։
Ցավոք, պատերազմը վարողների վարքագիծը այնքան էլ չի զուգահեռվում քաղաքական հոր «պոդդերժկայի» հետ: Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, բացի պետական բյուջեն մսխելուց, կարողանում է նաև մսխել այն մարդկանց պաշտպանական խոսքը, ովքեր ստեղծել ու կերտել են իրեն, որպես քաղաքական կերպար, այլ կերպ ասած՝ եղել են նրա քաղաքական հայրերը:
Պարզվում է, որ պատերազմի ամենաթեժ պահին, երբ թշնամին արդեն 1100-ից ավելի կյանք է խլել, գերագույն գլխավոր հրամանատարը մեկնում է արձակուրդ ու ձիու վրայից մտածում լայքերի թվի ավելացման մասին: Մարդը, ով անընդհատ սիրում է կրկնել, որ ինքն է գերագույն գլխավոր հրամանատարը, պատերազմի առաջամարտիկներին՝ բժիշկներին ու բուժաշխատողներին պահում է առաջնագծում, իսկ ինքը թիկունքում իսկական կատակլիզմ է ստեղծում՝ պետությունը վարակակիրների ու մահացածների մահվան թվով հասցնելով առավելագույնի ամբողջ Եվրոպայում:
Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի պատկերացրած պատերազմի՝ հայկական կողմի «սպարապետին»՝ Արսեն Թորոսյանին, պատկերն այստեղ ոչ պակաս տխուր է: Նա էլ իր հերթին է վերցնում արձակուրդ ու պատերազմական աղետի ֆոնին սելֆի է անում Արագածի ստորոտից մի այնպիսի երջանիկ ժպիտով, կարծես նա վաղուց արդեն հաղթել է, իսկ այն ընտանիքների լույսը, որոնք մարել են, հայեր չեն, ՀՀ հպարտ քաղաքացիներ չեն:
Մնացած նախարարները, «բդեշխներն ու իշխանիկներն» էլ կարծես կապ չունեն պատերազմի հետ, քանի որ պատերազմական դրությունը նրանք օգտագործում են Լանզարոտեի կոնվենցիաներ վավերացնելով, թուրքական քամիներ պարունակող կրթական նոր չափորոշիչներ շրջանառության մեջ դնելով և շատ ու շատ բաներով, որոնք կապ չունեն պատերազմի հետ:
Այսքանից հետո հարց Լևոն Տեր-Պետրոսյանին՝ միթե ազգի դավաճանը նա չէ, ով պաշտպանում է դասալիքներին, արդարացնում է 1100-ից ավել մարդկանց մահը և մանիպուլացնելով փորձում հակահայկական տարր հռչակել նրանց, ովքեր ցանկանում են քաջ ու հաղթանակող հրամանատար և հմուտ ու պատերազմական գործից հասկացող «սպարապետ»:
Լավ կլինի՝ ՀՀ առաջին նախագահը մտածի այն մասին, թե ինչու է նա անընդհատ պաշտպանում Փաշինյանին, իսկ վերջինս անընդհատ «գետնով է տալիս» իր պատիվը:
Խմբագրական