Ամուլսարում բողոքի ակցիան ավարտվեց. ակցիայի մասնակիցները վաղը կրկին կհավաքվեն
Ամուլսարում բողոքի ակցիան այսօր ավարտվեց. վաղը կրկին ակցիայի մասնակիցները կհավաքվեն Ամուլսարում։
Նշենք, որ Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանն քիչ առաջ հայտարարեց, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը սխալվել է վագոն-տնակի տեղադրման հարցում, վաղը կգան համապատասխան մասնագետներ եւ մոտավորապես 7 մետր կտեղափոխեն համապատասխան տարածք։
Ակցիայի մասնակիցներին՝ 7 մետրի հեռացնելը դուր չեկավ. նրանք պահանջում են առնվազն 30 մետրով հեռացնել վագոն-տնակները։
Ջերմուկի քաղաքապետը լրագրողներին ասաց նաեւ, որ վաղը հնարավոր է ոչ միայն «Լիդիան» ընկերության վագոն-տնակների հեռացումը, այլ նաեւ Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հեռացումն այլ տարածք։
Նշենք, որ արդեն երրորդ օրն է՝ Ամուլսարում բողոքի ակցիան չի դադարում, ցուցարարները կրկին փակել էին Ջերմուկ քաղաք տանող ճանապարհը։ Նրանք երեք պահանջ են ներկայացնում. առաջինը՝ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայության վագոն-տնակները 30 մետր հեռացնել տարածքից, ընկերության պահնորդական խմբի դուրս հանումը Ամուլսարի տարածքից եւ Կառավարության կողմից հստակ որոշում՝ Ամուլսարի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել ու փոխարենը դրել է իրենցը:
Նշենք, որ արդեն 2 օր է՝ Ամուլսարում իրավիճակը լարված է, ակցիայի ընթացքում բերման ենթարկվածներ են եղել, ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի են ունեցել բախումներ։ Ակցիայի մասնակիցները փորձել են տեղաշարժել «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդական խմբի կողմից Ամուլսարի իրենց վարձակալած տարածքում տեղադրված վագոն-տնակները։
Ակցիայի մասնակիցները փակել էին Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհը։ Դեպքերին ներկա են եղել ԱԺ պատգամավորներ, մարզի ոստիկանապետը։
Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 20-ին հարուցվել էր քրեական գործ` Ամուլսարի հանքավայրի շահագործման հետեւանքով բնությանը հասցվող վնասի վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելու փաստի առթիվ։
Կառավարության հրավերով հանքի տարածքում միջազգային բնապահպանական փորձաքննություն է իրականացվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանքը չի շահագործվի, քանի դեռ փորձաքննությունը դրական եզրակացություն չի տվել։