Գերմանիան պարտադիր թեսթավորումներ կմտցնի կորոնավիրուսի վարակի բարձր ռիսկ ունեցող երկրներից ճանապարհորդների համար
Այս հանգստյան օրերից սկսած՝ Գերմանիան պարտադիր թեսթավորումներ կմտցնի կորոնավիրուսի վարակի բարձր ռիսկ ունեցող երկրներից ճանապարհորդների համար, հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ջենս Սպանը, հայտնում է Associated Press-ը։
Նշվում է, որ երկրում վերջին երեք ամիսների ընթացքում COVID-19-ով վարակման ռեկորդային աճ է արձանագրվել։
Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալներով՝ չորեքշաբթի գրանցվել է վարակի 1045 դեպք, ինչը ռեկորդային ցուցանիշ է վերջին ամիսների համար: Վերջին անգամ Գերմանիայում վարակի ավելի քան հազար դեպք գրանցվել է մայիսի 7-ին:
«Այն, ինչ մենք տեսնում ենք, բազմաթիվ փոքր բռնկումներ են: Մարդիկ վարակվում են ընտանեկան երեկույթներում, աշխատավայրում եւ համայնքային հաստատություններում»,- լրագրողներին ասել է նախարարը:
Միեւնույն ժամանակ դպրոցներում դասերը վերսկսելու հարցը շարունակում է մնալ օրակարգում: Արձակուրդները շուտով կավարտվեն, եւ դաշնային հողերում արձակուրդի ավարտի ամսաթվերը տարբեր են, ինչը մեծացնում է մտավախությունը, որ սովորողները կարող է վարակ բերել տուն: