Քննիչը չէր կարողանում որեւէ ապացույց ներկայացնել, որ առկա է հիմնավոր կասկած. Արամ Վարդանյանի պաշտպան
«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի նկատմամբ ընտրված կալանքը որպես խափանման միջոցի վերահաստատման վերաբերյալ դատական նիստը հետաձգվեց. քննիչը չէր կարողանում որեւէ ապացույց ներկայացնել, որ առկա է հիմնավոր կասկած։ Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, News.am-ի հետ զրույցում ասաց Արամ Վարդանյանի պաշտպաններից Լուսինե Սահակյանը։
«Դատական նիստին միջնորդություն էր ներկայացվել, որպեսզի վերահաստատվի Արամ Վարդանյանի նկատմամբ ընտրված կալանքը որպես խափանման միջոց. դա դեռ Վերաքննիչ դատարանում նաեւ մեր կողմից վիճարկվում է։ Բավականին երկար քննարկումների արդյունքում դատական նիստն ընդմիջվեց մինչեւ վաղը ժամը 17։30-ը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ քննիչը չէր կարողանում ներկայացնել փաստարկներ եւ ապացույցներ, որով կարող էր հիմնավորվել, որ առկա է Արամ Վարդանյանին առաջադրված մեղադրանքի հետ կապված նրա առնչությունը։ Վաղը կշարունակվի միջնորդության քննարկումը»,- ասաց Սահակյանը։
Լուսինե Սահակյանն ասաց, որ Արամ Վարդանյանին առաջադրված 4 մեղադրանքներից 3-ով արդեն իսկ դատարանը հաստատել է, որ հիմնավոր կասկածն առկա չէ. «Քննարկվում է նաեւ այն հարցը՝ արդյոք այս դատարանն իրավունք ունի՞ նորից վերադառնալու այն իրավիճակին, որ նորից քննարկի 4 մեղադրանքներում արդյոք առկա՞ է հիմնավոր կասկածը, թե՞ ոչ»։
Հիշեցնենք, որ 2020թ. մարտի 4-ի գիշերը՝ ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ մտել էին Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տներ։
Կատարված գործողությունների արդյունքում բերման էին ենթարկել Արամ Վարդանյանի որդուն եւ 2 քաղաքացու, 2 քաղաքացի էլ ձերբակալվել էր, որից մեկը Վարդանյանի եղբորորդին էր, մյուսը՝ հարեւանը:
Նշենք, որ տան խուզարկությունը շարունակվում էր նաեւ հաջորդ օրը։ Վարդանյանի փաստաբաններ Երվանդ Վարոսյանին եւ Լուսինե Սահակյանին քննիչները ներկայացրել էին տանը խուզարկությունն իրականացնելու դատարանի որոշումը։ Ըստ որոշման բովանդակության՝ նրանք Վարդանյանի տանը փնտրում էին զենք-զինամթերք, չգտնելով նմանատիպ իրեր, վերցրել են Վարդանյանի անձնական կյանքին վերաբերող տեսաերիզներ։
Հիշեցնենք, որ ՔԿ-ն հայտնել էր, որ Արամ Վարդանյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշում է կայացվել եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նրան մեղադրում են Էմիր Արամյանի կողմից 2016 թվականին կատարված կողոպուտը կազմակերպելու, 2019 թվականին նույն Էմիլի առեւանգումը կազմակերպելու, ապա 2020 թվականի մարտի 4-ին նրա նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ։
Ըստ ՔԿ-ի հաղորդագրության՝ 2020թ. մարտի 5-ին առերեւույթ հանցագործություններ կատարելու համար Վարդանյանի եղբոր որդի Ա.Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (մարդուն առեւանգելը) 1-ին մասով, իսկ Ս.Կ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (կողոպուտ) 3-րդ մասի 1-ին կետով։
Նշենք, որ հուլիսի 12-ին Արամ Վարդանյանին ոստիկանները բերման են ենթարկել Ոստիկանության բաժին. նա կալանավորվել է։