Գործադիրն ԱԺ-ի քննարկմանն է ներկայացրել ՏՄՊՊՀ անդամի պաշտոնում Կարեն Սեդրակյանի թեկնածությունը
ՀՀ ազգային ժողովը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում քննարկում է կառավարության կողմից առաջադրված Կարեն Սեդրակյանի թեկնածությունը: Սեդրակյանի թեկնածության հարցը քննարկվում է ԱԺ հուլիսի 8-ի արտահերթ նիստում:
Թեկնածուն նախ անդրադարձավ իր պաշտոնավարման ընթացքում ՏՄՊՊՀ-ի իրականացրած գործունեությունը: «Այս ընթացքում հարուցվել են հակամրցակցային համաձայնությունների և գերիշխող դիրքի չարաշահման մեկ տասնյակից ավելի վարչական վարույթներ, որոնցից մի քանիսն արդեն արձանագրվել են չարաշահման դրսևորման դեպքերով: Դրանց գերիշխող մասը գտնվում է ընթացիկ վարույթում: Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համակենտրոնացման գործողությունները: Նշվածի հետ կապված՝ վերջերս հանձնաժողովի որոշմամբ օրենքի խախտման համար պատասխանատվության միջոց է կիրառվել նախարարության և համայնքի ղեկավարի նկատմամբ»,-տեղեկացրեց Սեդրակյանը:
Նրա խոսքով՝ գնման ընթացակարգերում առավել հաճախ են հանդիպում պայմանավորվածություններ, թերևս ամենաակնառու և հաճախ հանդիպող խնդիրները տեխնիկական բնութագրերում ուղղորդող, հղումներ պարունակող կոնկրետ ապրանքը բնութագրող հատկանիշների առկայությունն է, ինչի հետևանքով սահմանափակվում է մրցակցությունը: Հանձնաժողովն իրականացնում է պետական մարմիններում գնումների գործընթացի ուսումնասիրություն:
2019-ին, նախորդ տարվա համեմատությամբ, էականորեն աճել են քաղաքացիների և տնտեսավարողների դիմում-բողոքների հիման վրա հարուցված վարույթները: Թեկնածուի կարծիքով՝ դա խոսում է հանձնաժողովի նկատմամբ վստահության բարձրացման մասին: Նա այս համատեքստում առավել քան կարևորեց հանձնաժողովի բաց, թափանցիկ, հաշվետու և հրապարակային գործելաոճի ապահովումը, որի ուղղությամբ, իր խոսքով, մինչև օրս իրականացվել են մի շարք աշխատանքներ: