Ռուսաստանի հետ հարաբերությունների գերլարման ֆոնին մամուլում նորից ակտիվացել են տարաբնույթ շահարումները. քաղաքագետ
Այլընտրանք ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պեոտրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ռուսաստանի հետ հարաբերությունների գերլարման ֆոնին մամուլում նորից ակտիվացել են տարաբնույթ շահարումները կապված Ռուսաստանից իբր վասալական կախման, <<Գույք պարտքի դիմաց>> գործարքը բացասական լույսի ներքո մատուցելու և այդ ամենում Ռ. Քոչարյանի ունեցած դերակատարման հարցերի շուրջ:
Ընդհանրապես, երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին մեղսագրվող <<հանցանքներից>> մեկը մշտապես համարել են <<Գույք պարտքի դիմաց>> անվանումը ստացած գործարքը, որը կնքվել 2002 թ․-ի նոյեմբերի 5-ին: Երկար տարիներ ընդդիմադիր, հատկապես հակառուսական մամուլի կողմից այն ներկայացվում էր իբրև <<վասալական>> գործարք՝ ինչ ունեինք չունեինք նվիրեցինք ռուսներին տրամաբանության ներքո։ Հարցը նման կերպ դիտարկողները մշտապես ու գիտակցաբար շրջանցել են կարևորագույն հարցերը՝ ի՞նչ էին իրենցից ներկայացնում այդ ձեռնարկությունները նախքան գործարքը և ինչ են իրենցից ներկայացնում այսօր, Հայաստանը այդ գործարքից խոշոր հաշվով, օգտվե՞ց, թե՝ հակառակը։ Այս և նպատաիպ հարցերը կարևորելու և քննարկման առարկա դարձնեու փոխարեն շարունակ ստեղծվել է սին տպավորություն, որ այդ ձեռնարկությունները հանվել են Հայաստանից և տարվել Ռուսաստան, աշխատում են նրանցում միայն ռուսներ, իսկ Հայաստանը որևէ օգուտ չի ստացել և այլ, ինչն իրականում այդպես չէ: Այսօր էլ ցանկության դեպքում մեզանից յուրաքանչյուրը կարող է համացանցում փնտրել և գտնել այն 5 ձեռնարկությունների ցանկը և փորձել համեմատության մեջ ինքնուրույն պարզել՝ ինչ էին դրանք իրենցից ներկայացնում 2000-ականների սկզբին, ինչ են ներկայացնում իրենցից այսօր, ի՞նչ գործունեություն է ծավալում նրանցից յուրաքանչյուրը, ինչ աշխատատեղեր են ապահովում, ի՞նչ հարկեր են վճարում Հայաստանի պետական բյուջե և այլն:
Գործարքի անաչառ դիտարկումն անհնար է, եթե կանխամտածված շրջանցվում է կարևոր մի քանի հանգամանք.
1. 2000-ականների սկզբին Ռոբերտ Քոչարյանի գլխավորած նոր իշխանությունն ուղղակի կանգնել էր Ռուսաստանի առաջ ունեցած պետական պարտքը մարելու պարտավորության առջև, այսինքն՝ ինչ-որ առումով <<լավ օրից չէր>> , որ այդ գործարքը կնքվել էր: Վերոնշյալ 98 մլն դոլարի պարտքը գրեթե ամբողջությամբ կուտակվել էր դեռ 90-ականներին (միայն 1992-1994- թթ. Հայաստանի Հանրապետության պարտքը Ռուսաստանի կազմել է 86,5 մլն դոլար), որի հետո Ռ. Քոչարյանը որևէ առնչություն չէր կարող ունենալ:
2. Այս ամենով հանդերձ «գույք պարտքի դիմաց»-ը վասալական համարելն ուղղակի աբսուրդ է: Այս առնչությամբ, դեռ 2001-ի սեպտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևան կատարած այցի ժամանա հատուկ նշեց, որ խնդիրն անգամ պարտքերի մարման մեջ չէ, այլ, որպեսզի ստեղծվի հնարավորություն ռուսական կապիտալը Հայաստանի տնտեսություն մեջ ներգրավելու համար։ Այլ կերպ ասած, այդ գործարքը, փաստացի, պարտքի դիմաց ռուսական կողմին փոխանցված ձեռնարկություններում ներդումներ ներգրավելու ծրագիր էր։
3. Գործարքն ինչ-որ առումով նույնիսկ փրկեց, որպեսզի հիշյալ ձեռնարկությունները նույնպես չարժանանան 1990-ականներին հապճեպ մասնավորեցված ու բարբարոսաբար թալանված շատ ու շատ այլ ձեռնարկությունների ճակատագրին: Ռուսական կողմը պայմանագրով ստանձնել էր հստակ պարտավորություններ ձեռնարկությունների հետագա շահագործման և հատկապես ներդրումների առումով: Պատահական չէ, որ ռուսական կողմում հենց նման անուն էլ ստացավ գործարքը՝ «Գույք ներդրման դիմաց»։
Ի՞նչ արդյունավետությամբ են գործարքի կողմերն առ այսօր կատարել իրենց պարտավորությունները, ավելի շատ մասնագիտական գնահատման հարց է, բայց անհերքելի է, որ, օրինակ, <<ՄԱՐՍ>> գործարանի և և Մերգելյան ինստիտուտի տարածքներում բարձր տեխնոլոգիական եւ նորարարական արտադրությունների կազմակերպման նպատակով ստեղծված «Ալյանս» ազատ տնտեսական գոտում ստեղծվել և այսօր էլ գործունեություն են իրականացնում «Լեդ» լամպերի արտադրությունը, «Ֆարմատեք» դեղագործական ընկերությունը, «Ինստիգեյթի» անօդաչու սարքերի արտադրությունը, «Technology and Science Dynamics Inc./Armtab Technologies» ընկերությունը՝ հայկական ArmTab պլանշետների եւ սմարթֆոնների արտադրողը և մի շարք այլ ընկերություններ, առևտրաարդյունաբերական էքսպոների կազմակերպման նպատակով ստեղծված մասնագիտացված տարածքը Մերգելյան ինստիտուտում ։