Եթե նրանք, իմանալով, որ վարակակիր են, եկել են նիստի, ես իրենց ամոթանք եմ տալիս. Գևորգ Պետրոսյանը՝ իմքայլական պատգամավորներին
Ասեկոսեներ էին շրջանառվում, որ ես էլ եմ հիվանդ, դրա համար որպես հրապարակայնության սկզբունքի դրսևորման մի առիթ՝ հրապարակեցի թեստիս պատասխանը: Այս մասին Alternativ.am-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ նպատակով է ֆեյսբուքյան իր էջում հրապարակել կորանավիրուսի իր թեստի բացասական պատասխանը:
Մեր այն հարցին, թե ինչպես է վերաբերվում այն տեղեկությանը, որ իմքայլական երկու պատգամավոր, իմանալով, որ վարակված են կորոնավիրուսով, այնուամենայնիվ, ներկայացել են սահմանադրական փոփոխությունների քվեարկությանը, Պետրոսյանը պատասխանեց.
«Եթե նրանք, իմանալով, որ վարակակիր են, եկել են նիստի, ես իրենց ամոթանք եմ տալիս: Բայց քանի որ դա չճշգրտված տեղեկություն է, թույլ տվեք կասկածամտորեն վերաբերվել»:
Հիշեցնենք, որ Alternativ.am-ի աղբյուրը երեկ հայտնել էր, որ իմքայլական երկու պատգամավոր՝ Հայկ Գևորգյանը և Վիկտոր Ենգիբարյանը, մինչ նախորդ շաբաթվա ԱԺ նիստերն արդեն իմացել են, որ վարակված են կորոնավիրուսով, սակայն ներկա են գտնվել սահմանադրական փոփոխությունների քվեարկությանը: