Մանե Թանդիլյանը դեմ է բնակարանների համար չհարկվող շեմը վերացնելուն
ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը դժգոհ է գույքային հարկի առաջարկվող փոփոխություններից, նա մասնավորապես դեմ է բնակարանների, բնակելի տների համար չհարկվող շեմը վերացնելուն:
Պատգամավորը նման տեսակետ հայտնեց ԱԺ արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման իր ելույթում:
Պատգամավորի կարծիքով՝ առաջարկվում են վատթարացնող նորմերով գույքահարկի դրույքներ: «Այս գույքահարկի փոփոխությունների հիմնական շահառուն Երևանի քաղաքապետարանն է, համայնքն է: Եվ անգամ Երևանի համայնքապետարանը դեռ կարծիք չի հասցրել տալ, չունեք»,-ասաց Թանդիլյանը:
Պատգամավորը նկատեց, որ նախագծով գույքահարկը կբարձրանա միջինը 3-4 անգամ: Մոտ 580 հազար նոր գույքային միավոր դառնալու է հարկատու: Անդրադառնալով Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի խոսքին, թե հարկում են տեսանելի գույքը, Թանդիլյանը հարց բարձրացրեց՝ 3 մլն դրամով գու՞յքն է տեսանելի հարստություն: «200 մլն դրամից ավել արժեքով գույքը պետք է ավելի հարկվի, բայց դրա հաշվին պետք է անպայման սահմանվի չհարկվող շեմ՝ առնվազն մինչև 10 մլն դրամը»,-ասաց Թանդիլյանը:
Պատգամավորը նաև վստահ չէ, որ այդ 580 հազար գույք ունեցողները բոլորը եկամտային հարկ վճարող էին, և համահարթ եկամտային հարկի անցումից հետո իրենց հարկային բեռը նվազել է, և ունեն ավելի շատ եկամուտ, որ կարող են վճարել: