Դատարանը մերժել է Ծառուկյանի փաստաբանների միջնորդությունը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ հունիսի 18–ին, մերժել է դատավոր Ռոբերտ Պապոյանին՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանների ներկայացրած միջնորդությունը։
Այս մասին նիստից հետո լրագրողներին ասաց Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Նրա խոսքով նիստը հետաձգվել է և նշանակվել վաղը առավոտյան 10։30–ին։
«Փորձեցինք հիմնավորել, որ այս գործն ապօրինաբար է քննվում ԱԱԾ–ում։ Ընտրակաշառքի հոդվածով գործը, ըստ Քրեական դատավարության օրենսգրքի, պետք է քննվի միայն ՀՔԾ–ում։ Հետևաբար ԱԱԾ–ում հետագա բոլոր գործողությւոններն ապօրինի են։ Նաև լուրջ փաստարկներ ենք ներկայացրել, որ սա քաղաքական գործընթաց է։ Փաստաթղթերը հայտնաբերվել են 2019թ. փետրվարի 5–ին։ Փետրվարի 6–ին կոնկրետ անձի հարցաքննության ժամանակ հարց ա տրվել, որ այս փաստաթղթերից տպավորություն կա, որ ընտրողների ձայներ ա գնվել, պատասխան չի հնչել և միայն հունիսի 5–ի Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո, որ կառավարությունը պետք է 100 տոկոսով փոխվի, վերհիշեցին, որ նման ինչ–որ հանգամանք կա և նույն անձին պետք է նորից հարցաքննել՝ հունիսի 8–ին։ Հարցաքննությունից նոր փաստական տվյալ չեն ստացել, արձանագրությունից է երևում։ Եվ այդ նույն փաստաթուղթը ամսի 10–ից զննում են ու գործ են հարուցում։ Այսինքն՝ կա մեկ փաստաթուղթ, որը փետրվարի 5–ին հանցագործության հատկանիշներ չէր պարունակում, հայտարարությունից հետո հանկարծ սկսեց պարունակել՝ առանց նոր փաստական տվյալի ձեռքբերման»,– ասաց փաստաբանը՝ նշելով, որ գործի հարուցման պահին հիմքում եղել է միայն այդ փաստաթուղթը։
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է շինծու գործ։
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին, Ազգային ժողովը հավանություն է տվել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություներին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ ազատազրկելու վերաբերյալ։