2008թ. ռուս-վրացական «հնգօրյա պատերազմը» խորքային նմանություններ ունի 2016թ. Ադրբեջանի սանձազերծած «քառօրյա պատերազմի» հետ. Գարեգին Պետրոսյան
«Այլընտրանք» ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
2008թ. ռուս-վրացական օգոստոսյան «հնգօրյա պատերազմ»-ը ցույց տվեց, որ Հարավային Կովկասի նկատմամբ Ռուսաստանն ունի սկզբունքային դիրքորոշմում, որից հարկավոր էր մի քանի կարևոր հետևություններ անել.
1. ՆԱՏՕ-ի մուտքը ցանկացած տեսքով տարածաշրջան Ռուսաստանի համար խիստ անընդունելի է: Չնայած հետպատերազմյան առաջին ամիսներին ակտիվացել էին արագացված ընթացակարգով Վրաստանը ՆԱՏՕ-ի կազմի մեջ ընդգրկելու վերաբերյալ խոսակցությունները, Վրաստանի խորհրդարանի եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Դավիթ Դարչիաշվիլին նույնիսկ նշում էր. «Այլ ճանապարհ չկա։ Ավելի լավ է ՆԱՏՕ մտնել առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի, սակայն պահպանել անկախությունը և հիմքեր ստեղծել վերադարձնելու այդ տարածքներն ապագայում», այդպես էլ մնաց անկատար երազանք։ Այս հարցում Ռուսաստանը հանդես բերեց կոշտ սկզբունքայնություն: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մասնավորապես նշեց. «Հյուսիսատլանտյան դաշինքը Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին փաստացի վերցնում է իր պաշտպանության տակ, և Ռուսաստանն անհրաժեշտ հետևություններ կանի այսպիսի դիրքորոշումից»: Թե ինչպես դասավորվեց Սահաաշվիլիի հետագա ճակատագիրը, կարծում եմ, հայտնի է:
2. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի, ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Կարմեն Ռոմերոյի հավաստիացնող հույսերը, որ Վրաստանը միանգամայն կարող է հույս ունենալ, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր կստանա, և Թբիլիսին ու Կիևը վաղ թե ուշ կհայտնվեն դաշինքի կազմում, եթե միայն շարունակեն այդպիսի ցանկություն դրսևորել, անդառնալի վնաս պատճառեցին թե՛ Ուկրաինային, թե՛ Վրաստանին: Այս երկրներում ինքնիշխանության խնդրի շինծու խաղարկումը լայնորեն խրախուսվում էր ամերիկյան ադմինիստրացիայի, մասնավորապես պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի կողմից:
Հանուն ճշմարտության պետք է նշել, որ ի տարբերություն Վաշինգթոնի եվրոպական մայրաքաղաքները ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցում այնքան էլ շահագռգռված չէին: Հիշեցնեմ, որ դեռ 2007-ի աշնանը, երբ Վրաստանի նախագահն այցելել էր Բեռլին, Փարիզ և Լոնդոն, երեք մայրաքաղաքներում էլ նրան հասկացրել էին, որ անդամակցության հրավեր չի լինելու, քանզի աբխազական և օսական խնդիրները Ռուսաստանի դիրքորոշման պատճառով այլևս չեն դիտարկվում իբրև Վրաստանի ներքին հարց։ Ու չնայած եվրոպացիների նկատմամբ ամերիկացիների ճնշմանը՝ 2008թ. ապրիլին՝ Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթաժողովից առաջ, արդեն սկզբունքորեն պարզ էր, որ Վրաստանը դաշինքին անդամակցության հրավեր չի ստանալու։ Բայց սա չխանգարեց Վրաստանին 2008թ.-ի օգոստոսին գնալու արկածախնդրության, որտեղ հաջողելու նվազագույն հեռանկար անգամ չկար: Հատկանշական է, որ հինգ տարի շարունակ ամերիկյան չափանիշներով նախապատրաստություն անցած վրացական բանակը հինգ օրում կազմաքանդվեց։ «Ինչպե՞ս կարող էր դա տեղի ունենալ» հարցի պտասխանն առ այսօր վրացիները չունեն:
3. Տարածքային ամբողջականության սկզբունքը «սրբազան կովի» նախկին տեսքով դադարեց գործելուց առնվազն Վրաստանի պարագայում և նախադեպային պատուհան բացեց Հարավային Կովասում հարևանությամբ ընթացող մեկ այլ՝ Արցախյան կարգավորման գործընթացի համար: Պատահական չէ, որ «հնգօրյա պատերազմում» Ռուսաստանի գործողությունները դատապարտեց նաև Ադրբեջանը և առ այսօր ամենատարբեր հարթակներում հանդես է բերում Վրաստանի, այսպես կոչված, տարածքային ամբողջականությունը պաշտպանող դիրքորոշում:
Այս համատեքստում կարևոր է առանձնացնել ևս մեկ հանգամանք. Կոսովոյից հետո Մոսկվան արդեն որոշում էր ընդունել, որ վրացական հակամարտությունների հետ կապված իրենք այսուհետև գնալու են այլ ճանապարհով և աշխատելու են Աբխազիան և Հարավային Օսիան ևս ներառել Ռուսաստանի առաջնորդությամբ ծավալվող տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների մեջ։ Վրաստանում դա հասկացել էին, բայց իրավիճակը և լուծումները ռացիոնալ գնահատել չէին կարողացել:
Այս առումով 2008թ. ռուս-վրացական «հնգօրյա պատերազմը» խորքային նմանություններ ունի 2016թ. Ադրբեջանի սանձազերծած «քառօրյա պատերազմի» հետ: Թե՛ Վրատանում, և թե՛ 8 տարի անց Ադրբեջանում համոզված էին.
• Հակամարտությունն իրենց օգտին լուծելու հնարավորությունները սպառվում են: Տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների ազդեցությամբ հակամարտությունները մտնում են ստատուս-քվոյի անորոշ ժամկետով սառեցվելու փուլ:
• Եթե ուժային եղանակով լուծման հասնել հնարավոր չլինի, այսպես կոչված տարածքային ամբողջականության վերականգնման ձգտումը մնալու է անիրագործելի։ Այդ պատճառով էլ Վրաստանը դիմեց պատերազմական գործողությունների անսպասելի վերսկսման հենց այն պահին, երբ Ռուսաստանում տեղի էր ունեցել նախագահի փոփոխություն, իսկ վարչապետ Պուտինը ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցելու նպատակով գտնվում էր Պեկինում ։ Հիշենք, որ 2016թ. ապրիլյան պատերազմի նախօրեին էլ ՀՀ նախագահ Ս. Սարգսյան էր միջուկային էներգիայի համաշխարհային գագաթաժողովին մասնակցելու նպատակով գտնվում ԱՄՆ-ում: Ի դեպ, ԱՄՆ էին գտնվում նաև Ալիևն ու Էրդողանը:
• Երկու դեպքում էլ մարտավարական խնդիրը ռազմական խորամանկությունների նույն շարքից էր՝ անակնկալ ու անսպասելի բլիցկրիգի օգնությամբ հաշված օրերի ընթացքում ինքնորոշված տարածքների վրա ռազմավարական վերահսկողության հաստատումը։
• Երկու դեպքում էլ նախահարձակ կողմն անուղղակի խրախուսվում էր ԱՄՆ-ի կողմից: Եթե Վրաստանի պարագայում ամեն բան շատ ավելի ակնհայտ էր, ապա Ադրբեջանի պարագայում այն դրսևորվեց ապրիլյան պատերազմի նախօրեին ԱՄՆ-ի փոխնախագահի և Պետդեպարտամենտի ղեկավարի հետ Ալիևի հետ ունեցած հանդիպումներում և դրանց արդյունքում արված պաշտոնական հայտարարություններից, որտեղ ամերիկյան վարչակազմի ներայացուցիչները բացահայտ անընդունելի էին համարում ստատուս-քվոյի հետագա պահպանումը, ընդգծում իրենց դիրքորոշումը հակամարտության վերջնական կարգավորման հարցում՝ կարևորելով Ադրբեջանի, այսպես կոչված, տարածքային ամբողջականության վերականգնման խնդիրը: