Վարչապետի ընտանիքը հերթական անգամ ստում է
Նախօրեին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեղական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել էր, որ իրենց պատկանող լրատվամիջոցը պետական այրերի ընտանիքի անդամներին, հատկապես երեխաներին, երբեք չի թիրախավորել, զրպարտել, ինչպես այսօր անում են իրենց ընտանիքի հետ:
Վարչապետի տիկինը ընդգծել էր, որ նման աշխատելաոճ չեն ունեցել անգամ այն ժամանակ, երբ իրենց ընտանիքին պատկանող թերթը՝ «Հայկական ժամանակը», ընդդիմադիր կողմնորոշում է ունեցել:
Տիկին Աննա Հակոբյանի հայտարարություններն ու ելույթները, նրա գործողությունները մշտապես հանրության ուշադրությանն են արժանացել ոչ միայն այն պատճառով, որ պետության ղեկավարի կինն է, այլ նաև այն պատճառով, որ դրանք հաճախ տարակարծությունների տեղիք են տալիս ու ոչ միանշանակ են ընդունվում մարդկանց կողմից: Հիշենք թեկուզ Մեհրիբան Ալիևային Արցախ հրավիրելու դրվագը, որը խիստ քննադատության արժանացավ հանրության կողմից:
Վերոնշյալ հայտարարությունը ևս բացառություն չէ: Ուսումնասիրելով «Հայկական ժամանակ» թերթի անցած ուղին, մասնավորապես այն շրջանը, երբ թերթը ակնհայտ ընդդիմադիր հայացքների սերմանող էր, հետաքրքիր դրվագ ենք նկատում: Պարզվում է՝ վարչապետի խմբագրած թերթը այնքան էլ ազնիվ աշխատելաոճ չի ունեցել և չնայած իրենց պնդումներին՝ թիրախավորել ու զրպարտել է բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքի անդամներին:
DataLex դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ 2009թ.-ի փետրվարի 6-ին վերոնշյալ լրատվամիջոցի թիվ 21 (2209) համարում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի վերաբերյալ հոդված է հրապարակվել՝ «Ռոբերտիչի արկածները Դուբայում» վերտառությամբ: Ըստ այդ հոդվածի՝ Լևոն Քոչարյանն իբրև թե Ամանորին Դուբայում է եղել և այնտեղ ձերբակալվել է մի քանի օրով:
Ակնհայտ ապատեղեկատվություն պարունակող հոդված հրապարակելու համար Լևոն Քոչարյանը պատիվը և արժանապատվությունն արատավորող տեղեկությունների հերքման և վնասի հատուցման պայմանով դատական հայց է ներկայացրել թերթի դեմ ու հաղթել այն:
Փաստորեն ՀԺ-ն նախկին նախագահի ընտանիքի անդամներին զրպարտելով է զբաղված եղել՝ մի նպատակ հետապնդելով՝ արատավորել Քոչարյանների ընտանիքի համբավը, հանրության աչքում վերջիններիս վարկանիշը իջեցնել ու նրանց շուրջ բացասական տրամադրություններ ստեղծել: Կամ էլ պարզապես ցանկացել են հավելյալ շահույթ հետապնդել՝ օգտագործելով Քոչարյանի անունը ու համբավը: Չէ՞ որ նախկին նախագահի որդու մասին ցանկացած տեղեկություն մեծ հետաքրքրություն կառաջացներ հանրության շրջանում և կնպաստեր թերթի համարների վաճառքի տեմպի բարձրացման:
Կեղծ ու պատիվը և արժանապատվությունն արատավորող տեղեկատվություն հրապարակելու հանգամանքը, փաստորեն, Աննա Հակոբյանը, ով ևս երկար ժամանակ աշխատել է և շարունակում է աշխատել «Հայկական ժամանակ»-ում, խնամքով թաքցնում է, չի ուզում բարձրաձայնել ու իրականությանը չհամապատասխանող հայտարարություն է անում, թե իրենք ընտանիք ու երեխաներ չեն վիրավորել:
Այսպիսով տիկին Հակոբյանը հավանաբար ցանկանում է ընդգծել, որ իրենք երբեք մարդկանց վրա ցեխ չեն շպրտել, իրենց ղեկավարած ԶԼՄ-ն բացառապես օբյեկտիվ ու իրական լուրեր է հաղորդել իր ընթերցողին: Սակայն իրականությունն այլ է:
Հերթական անգամ վարչապետի ընտանիքն անում է հայտարարություններ, որոնք հեռու են իրականությունից, ստահոդ ելույթները ասես անբաժան են Փաշինյաններից: Իրենց ՀՀ հպարտ քաղաքացիների աչքում անմեղ ու ազնիվ ներկայացնող Փաշինյանն ու իր ընտանիքը իրականում ստել են ու ստում են...