Ալեն Սիմոնյանը ստատուսի տեսքով թեթև նոպա է ունեցել, իբր ՄԻԵԴ-ն էլ քաշեց. Գարեգին Պետրոսյան
«Այլընտրանք» ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Ալեն Սիմոնյանը ստատուսի տեսքով թեթև նոպա է ունեցել, իբր ՄԻԵԴ-ն էլ քաշեց: Նոպայի բովանդակային մասին անդրադառնալ չեմ ցանկանում, քանի որ ՄԻԵԴ որոշման մեջ հստակ արձանագրված է, որ Ռ. Քոչարյանին վերագրված հոդվածը պարունակում է անորոշություն, իսկ իրավական նորմի կարևորագույն բաղադրիչը նրա որոշակիությունն է, այսինքն՝ կոնկրետ որ արարքն է տվյալ պարագայում համարվում Սահմանադրական կարգի տապալում: Դեռ չեմ խոսում այն մասին, որ 300.1 հոդվածը, որն ընդունվել է արարքի կատարումից ավելի քան մեկ տարի հետո նախորդ հոդվածի համեմատ պատիժը խստացնող է և հետևաբար հակասահմանադրական է:
Նոպան հատկանշական է այլ առումով, որ Ալեն Սիմոնյանը ունի նաև զբաղեցրած պաշտոնին անհամապատասխան ընկալում դատարանների և ընդհանրապես արդարադատության վերաբերյալ: Ալեն Սիմոնյանը կա՛մ չգիտի, որ դատական (տվյալ պարագայում խորհրդատվական) որոշումը կոչված է ոչ թե քաշելու և քաշքշելու, այլ կոչված է իրականացնելու արդարադատություն, կա՛մ ընդունում է, որ տեղական դատարանները արդարադատություն իրականացնելու փոխարեն 2 տարի շարունակ քաշել են: Այլապես՝ ի՞նչ ասել է ՄԻԵԴ-ն էլ քաշեց...