Վերջին շրջանի «պարանոյիկ սրացումները» հուշում են, որ վարչապետ Փաշինյանն իսկապես պատժվել է. քաղաքագետ
Այլընտրանք ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
<<Խորամանկությունը սահմանափակ մարդկանց մտածելակերպն է և շատ է տարբերվում խելքից, որին արտաքնապես գուցե և նման է>>: Իմանուիլ Կանտի այս միտքը կարծես հասցեագրած լինի Փաշինյանին: Ասում են նաև երբ Աստված ուզում է պատժել որևէ մեկին, նրան զրկում է խելքից։ Վերջին շրջանի <<պարանոյիկ սրացումները >> հուշում են, որ վարչապետ Փաշինյան իսկապես պատժվել է: Եվ իսկապես, խորամանկություն գուց և ունի, բայց ահա խելք՝ ոչ: Այլապես չէր անի 3 բան, որտեղ միայն խորամանկությունը բավական չէր հաջողելու համար.
1. Հմուտ բեմկանացված խաղը չէր մատուցի որպես հեղափոխություն: Գործընթացի նման իմիտացիա ձեռնարկելուց առաջ խելքով մարդը կմտածեր հետևանքների մասին, մանավանդ որ այդպիսի խաղը հենց սկզբից նման էր դանակի սայրի վրայով քայլելուն:
2. <<Գերմարդու>> կերպար չէր ստեղծի իրենից: Երկու տարի շարունակ մատուցվող տպավորությունը, թե իբր կա խոհեմ և արհեստավարժ Նիկոլ Փաշինյան և կա ոչ կոմպետենտ ու փորձառության պակաս ունեցող թիմ, նույնքան իմիտացիա է, որքան տեղի ունեցածի հեղափոխություն որակելը: Փաշինյանը գոնե խելքի հարցում չի տարբերվում իր թիմի շատ ու շատ անդամներից, որոշներին նույնիսկ նկատելիորեն զիջում է: Ճգնաժամային պայմաններում գործելու կատարյալ անընդունակությունը հենց սրա վկայությունն է, այն բանի վկայությունը, որ ոչ ստանդարտ իրավիճակներում նա չի կարողանում գտնել պատվավոր ելքեր և շարունակում է առաջնորդվել օպերատիվ խորամանկություններով:
3. Ապօրինի կերպով չէր ազատազրկի Ռոբերտ Քոչարյանին՝ զոհասեղանին դնելով հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական խնդիրը: Խորամանկել ու գնալ ինքնախաբեության ճանապարհով, թե Ռուսաստանը վաղ թե ուշ կհամակերպվի հայաստանյան փոփոխված իրավիճակին և երկրորդ նախագահի հարցն այդպիսով դուրս կգա օրակարգից, ինչ էին, եթե ոչ անխելք հաշվարկների վրա կառուցված ակնկալիքներ: