Չի ստացվում միտում չտեսնել, որ գործը հենց Արմեն Դանիելյանին է մակագրվել. Արամ Վարդևանյան

Շատ կցանկանայի, բայց չի ստացվում միտում չտեսնել, որ գործը հենց Արմեն Դանիելյանին է մակագրվել: Այս մասին Alternativ.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը՝ խոսելով այն մասին, որ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու, անձնական երաշխավորությամբ կամ գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունները մերժելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարաանի դատավոր Արմեն Դանիելյանին:
«Հարցն այլ կերպ հնարավոր չէ պատկերացնել: Վերաքննիչ քրեական դատարանի 17 դատավորներից գործը հերթական անգամ մակագրվում է Արմեն Դանիելյանին: Մեկ տարի առաջ հենց այս ժամանակահատվածում, երբ կրկին գործ ունեինք անձնական երաշխավորության հարցի հետ, ԲԴԽ նախագահն ասել էր. «Չէ՞ որ իշխանությունները ցանկանում են, որպեսզի բոլոր դատավորները լինեն Աննա Դանիբեկյանի ու Արմեն Դանիելյանի նման»:
Մեկ տարի առաջ Աննա Դանիբեկյանի պես դատավոր Ռոբերտ Քոչարյանի գործով դեռ չկար, այդ ժամանակ ուրիշ խնդիր էր լուծվում. պետք էր Դավիթ Գրիգորյանից համապատասխան գործը խլել: Այդ ժամանակ իրականացվում էր խլելու օպերացիան: Բայց Վերաքննիչ ատյանում կար իշխանությունների սիրելի Արմեն Դանիելյանը, ինչպես ասել է ԲԴԽ նախագահը: Այս փուլում նորից ունենք անձնական երաշխավորության հարց, և այն նորից մակագրվում է Արմեն Դանիելյանին: Ո՞նց կարող է սա պատահական լինել: Ես ինքս պատահականություններին քիչ եմ հավատում, նույնիսկ կարծում եմ, շատ ցանկանալու դեպքում միևնույն է չի ստացվի սա պատահականություն դիտարկել: Շատ կցանկանայի, բայց չի ստացվում միտում չտեսնել, որ գործը հենց Արմեն Դանիելյանին է մակագրվել»,- ասաց Վարդևանյանը:
Վերջինս հիշեցրեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի խոսքն այն մասին, թե ինչպիսի դատավորներ են ուզում իշխանությունները՝ Աննա Դանիբեկյանի ու Արմեն Դանիելյանի նման: «Չէ՞ որ նման միտքն իր մեջ բովանդակություն ունի՝ ինչո՞ւ է այդպես: Ի վերջո Արմեն Դանիելյանը Արցախի Հանրապետության նախկին և այդ ժամանակ գործող նախագահների անձնական երաշխավորությունները դիտարկեց ոչ բավարար, այն պարագայում, երբ դրա համար ոչ մի հիմք չկար, նույնիսկ հիպոթետիկ հիմք չկար: Արմեն Դանիելյանը զրկել է պաշտպանական կողմին առհասարակ խոսք արտահայտելու հնարավորությունից, իսկ Աննա Դանիբեկյանը նորանոր վերելքներ է ապահովում իրավունքի խախտման ոլորտում, որը կարծում եմ, մի պահից նույնիսկ անհաղթահարելի է լինելու: Երկու ամիս չներկայանալ դատական նիստերի, կորոնավիրուսային համավարակի պայմաններում նման վարքագիծ դրսևորել... Այստեղ իրավիճակն առավել պարզ ու ակնհայտ է: Կրկնում եմ՝ ինչպե՞ս ստացվեց, որ Աննա Դանիբեկյանը երկու ամիս աշխատանքի չի ներկայանում, գործը ուրիշ ոչ մի դատավորի չի մակագրվում, սպասում են, որ անպայման վերադառնա Աննա Դանիբեկյանը, իսկ վերջինս էլ իրավունքի հետ ոչ մի կապ չունեցող հերթական որոշումն է կայացնում: Հետո բողոքներ են ներկայացվում Վերաքննիչ, և դրանք մեկագրվում են Արմեն Դանիելյանին»,- նկատեց Վարդևանյանը:
Հարցին, թե արդյո՞ք հնարավոր չէ անհամաձայնություն հայտնել քննող դատավորի անձի հետ կապված, մեր զրուցակիցը նշեց. «Այդ հարցի վերաբերյալ կոնկրետ գործողություններ կատարում ենք, մեր գործողությունների մասին կտեղեկանաք շատ կարճ ժամանակ անց»: