Սյունիքի փոխմարզպետը շտապում է

Վերջին ժամանակներս մամուլում անընդհատ լուրեր են տարածվում Սյունիքում տիրող անառողջ մթնոլորտի մասին: Ոստիկանությունն է գործի անցել և խուզարկություններ իրականացրել Կապանի և Քաջարանի համայնքապետերի տներում, քրեական գործ կա հարուցված Գորիսի համայնքապետի նկատմամբ, սրված են հարաբերությունները Սիսիանի համայնքապետի և Սիսիանի ոստիկանապետի միջև:
Ասում են՝ այս գործընթացին անմասն չէ նաև Սյունիքի հայտնի փոխմարզպետ նարեկ Բաբայանը, ով, մեղմ ասած, ոչ բարիդրացիական հարաբերություններ ունի Սյունիքի գրեթե բոլոր համայնքապետերի հետ:
Ավելին, ըստ Սյունիքում շրջանառվող խոսակցությունների՝ հենց փոխմարզպետ Նարեկ Բաբայանի անմիջական ցուցումով են իրականացվում այդ հետապնդումները: Վերջինս, չկարողանալով ուժեղացնել իր ազդեցությունը մարզում, փորձում է այդ միջոցներով ճնշումներ իրականացնել, ինչպես նաև մե՛կ փորձում է իր մտերիմ գործարարների ու ունեցած լծակների օգտագործման միջոցով հայտնվել Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի մատակարարների շարքում, այդ կերպ տիրապետել հսկայական ֆինանսական միջոցների, մե՛կ այդ նույն շրջապատի և դարձյալ պաշտոնեական լծակների կիրառման միջոցով փորձում է տիրանալ մարզի տարբեր համայնքներում դեռևս մնացած տարբեր պետական գույքերին:
Ըստ Alternativ.am-ին հասած տեղեկությունների՝ նա գույքագրել է մարզում առկա պետական գույքը, որը գտնվում է Պետական գույքի կառավարման կոմիտեի բալանսում և աճուրդներին իր մտերիմների մասնակցությունն ապահովելու միջոցով փորձում է տիրանալ դրանց: Չնայած փոխմարզպետի գործնական քայլերը հակասում են ներկայիս իշխանության հրապարակայնորեն որդեգրած թավշյա սկզբունքներին, այնուամենայնիվ նրա շտապողականությունը ինչ-որ առումով արդեն հասկանալի է: Ժամանակը կարճ է, և մոտալուտ իշխանափոխության հեռանկարը հանգիստ չի տալիս Նարեկ Բաբայանին, այդ իսկ պատճառով հայտնի փոխմարզպետը հիմնավորապես շտապում է: