Մեղքի զգացումը ոչ այլ ինչ է, քան արտահայտված կշտամբանք, իսկ տագնապի զգացումը ոչ այլ ինչ է, քան այժմ-ի և հետո-ի աղճատում

«Յուրաքանչյուրն ասում ա՝ վարչապետ լինեի, կգմփցնեի, ոտի տակ կտայի, կսպանեի, կլափեի, կթալանեի... Ով տենց ա մտածում, թող մտածի, ես էդ մարդկանց հետ կապ չունեմ: [....] Որ ես լինեի, կդնեի, կհագցնեի...»: Սրանք Հայաստանի Հանրապետության ղեկավարի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն են, որոնք վերջինս հնչեցրեց երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում: Թեև լայվի բուն թեման կորոնավիրուսի դեմ ապակենտրոն պայքարն էր, սակայն վարչապետը հարկ համարեց անդրադառնալ նաև այն բոլոր մեղադրանքներին, որոնք, ըստ Փաշինյանի, վերագրվում են իրեն ու իր թիմակիցներին՝ ընդգծելով, որ 20 տարի է՝ հերքում են նման լուրերը, իսկ հիմա «ով ուզում է հավատա, թող հավատա»: Վարչապետի երեկվա լայվը, ինչ խոսք, աննախադեպ էր: Այն առհասարակ աննախադեպ էր Հայաստանի Հանրապետության պատմության մեջ, քանի որ նախկինում երբեք երկրի թիվ մեկ պաշտոնյան՝ երկրի ղեկավարը, իր ելույթում նման բառապաշար չէր կիրառել:
Փողոցային վեճերին, «գողական» ենթամշակույթին, միմյանց հետ հաշիվներ մաքրելու «նուրբ արվեստին» բնորոշ բառաֆոնդի կիրառմամբ Փաշինյանն առաջինն է մեր երկրի ղեկավարների շարքում: Ակնհայտորեն նյարդային ապրումների մեջ գտնվող Փաշինյանը ասես մի պահ մոռացավ, որ ուղիղ եթերում է, խոսում է իրեն մանդատ տված, իր հետ հույսեր կապած քաղաքացիների հետ, մոռացավ ամենակարևորը՝ պետության ղեկավարին հարիր վարք դրսևորել: Իրեն կրիմինալ բարքերի թշնամի հռչակած վարչապետը նախկինում ԱԺ ամբիոնից էր սպառնում «ասֆալտին պառկեցնելով ու պատերին տալով», այս անգամ էլ «բռնել-հագցնելուն, գմփցնելուն» հերթը հասավ... Եվ սա այն պետական գործիչն է ասում, որ ամիսներ առաջ հայտարարում էր, որ «Քրեական ենթամշակույթը տեղ չունի Հայաստանում, և վերջ»: Բռնության կոչերը, բռնության դրսևորումները դատապարտող Փաշինյանը հերթական անգամ բռնություն արտահայտող բառապաշար կիրառեց:
Իր վարքով ու գործելաոճով Փաշինյանը հակադրամիասնությունների լավագույն օրինակն է մեզանում: Ազգային ժողովը վավերացնում է բռնությունները կանխարգելող կոնվենցիաներ, հաստատում նույնաբովանդակ օրինագծեր, օրեր անց երկրի թիվ մեկ պաշտոնյան նյարդային լարվածության պիկի ժամանակ, կորցնելով ինքնատիրապետումը, «գմփցնելում է, հագցնում» և այլն: Այսքանից հետո ի՞նչ արժեք ու նշանակություն ունեն վերոնշյալ կոնվենցիաներն ու օրինագծերը, եթե երկրում բռնության, ատելության, չարության քարոզն արվում է ամենաբարձր մակարդակով, ի՞նչ են մարդիկ սովորում Նիկոլ Փաշինյանից, եթե ինքն անձամբ չի խորշում փողոցային բառապաշարի կիրառումից: Ինչ խոսք, եթե վարչապետն այսպիսի բառապաշար ունի ու հրապարակային ելույթներում բակային զրուցարանի մակարդակի խոսակցություն է վարում, ապա բացարձակապես պետք չէ զարմանալ, որ երկրի կարևորագույն կառույցում՝ Ազգային ժողովում, հարցերը պարզվում են բռունցքներով, հնչում են վիզ կտրելու սպառնալիքներ, տղամարդիկ իրար թիկունքից են հարվածում և այլն: Պատգամավորները միմյանց «անբարոյականի վաստակ» ու «տրյապկա» են ասում: Գավառում ոստիկանության աշխատակիցների աչքի առաջ զինված մարդիկ հիվանդանոց են ներխուժում ու մարմնական վնասվածքներ հասցնում հիվանդներին: Էլ չենք խոսում սոցցանցերում կատարվողի մասին, որտեղ ատելության խոսքն ու այլակարծության դատապարտումը ահռելի չափի են հասել. դրա վառ օրինակը երեկ Քաղավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի նորածին դստերը հասցեագրված գռեհիկ վիրավորանքներ են:
Նման մթնոլորտը չի վերանա այնքան ժամանակ, քանի դեռ վարչապետը չի վերահսկում իր խոսքը, չի գիտակցում, որ ինքը մնացածի համար օրինակ է. եթե երկրի ղեկավարը կարող է գռեհիկ արտահայտվել, ապա պատգամավորը, շարքային քաղաքացին ևս իրեն թույլ կտա նման խոսելաձև: Սակայն երկրի ղեկավարության որդեգրած քաղաքականությունն ու մարտավարությունն այլ է: Ինչո՞ւ կանխել մարդկանց շրջանում իրար հանդեպ ատելության առաջացումն ու խորացումը, եթե կարելի է նպաստել, հրահրել այդ ամենը: Պարարտ հող նախապատրաստել իրար ատելու, հայհոյելու, վիրավորելու, ստորացնելու ու դրանից հաճույք ստանալու համար: Իհարկե, վարչապետը կարող էր և կարող է պետական մակարդակով կանխել այս ամենը, սակայն դա ձեռնտու չէ նրանց: Չէ՞ որ պառակտված, մասնատված, միմյանց չհարգող ու իրար հանդեպ թշնամանք զգացող հանրությանն ավելի հեշտ է ղեկավարելը, քան իրենից կուռ ամրություն ներկայացնող խելամիտ ու սթափ դատող հանրությանը:
«Յուրաքանչյուրը մտածում է իր փչացածության աստիճանին համապատասխան»,- ասում է վարչապետը: Համաձայն ենք վերջինիս հետ, բայց չէինք ակնկալում, որ պետության գլխին կանգնած անձը այս աստիճանի փչացած բառամթերքի, գուցե մտածողության կրող է:
Խմբագրական