10 փաստ, որի մասին չի խոսվել․ ՏԶՆԿ
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը, ուսումնասիրելով ՀՀ վարչապետի կողմից ներկայացված 100 փաստը, առանձնացրել է 10 ուշագրավ փաստ, որոնց անդրադարձ չի կատարվել։
1. Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետևանքների չեզոքացման նպատակով Կառավարությունը հաստատել է թվով 18 հակաճգնաժամային միջոցառում, սակայն վերջիններիս հասցեականությունն ու հասանելիությունը բավարար չեն տնտեսական մարտահրավերներին դիմակայելու և համախառն պահանջարկը խթանելու համար:
2. Թեև «Բիզնեսի համար լավագույն եվրոպական երկրներ 2020» զեկույցի համաձայն Հայաստանը բարելավել է իր դիրքերը, այնուհանդերձ, Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող «Գործարարությամբ զբաղվելու դյուրինություն 2020» զեկույցով արձանագրել է 6 կետով հետընթաց, և իր դիրքով զիջում է հարևան երեք երկրներին՝ Վրաստանին, Թուրքիային և Ադրբեջանին:
3. Թեպետ 2019թ.-ին ոչ ռեզիդենտներից ներգրավված բանկային ավանդներն ավելացել են 48%-ով, 2019թ.-ին ՀՀ տնային տնտեսություններին տրամադրված սպառողական վարկերի ծավալները ևս առաջանցիկ աճ են գրանցել՝ շուրջ 30%: Այս համատեքստում փաստենք, որ ՀՀ տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է եղել ներքին պահանջարկի աճով՝ հատկապես մասնավոր սպառման բարձր մակարդակով, որը ֆինանսավորվում էր վարկային միջոցների հաշվին:
4. Չնայած իրականացվող միջոցառումներին՝ գյուղատնտեսության ոլորտը 2-րդ տարին անընդմեջ անկում է գրանցել՝ 2019թ.-ին նվազելով 4.2%-ով, ընդ որում՝ բուսաբուծությունը նվազել է 7.7%-ով, իսկ անասնաբուծությունը՝ 1.2%-ով:
5. Թեև ապրանքների և ծառայությունների արտահանման տեսակարար կշիռը ՀՆԱ-ի կառուցվածքում 2019թ.-ին 2018թ.-ի համեմատ աճել է 0.8 տոկոսային կետով, իսկ իրական ծավալների աճը 13.2%, սակայն տեխնոլոգիատար ապրանքների արտահանման ծավալների տեսակարար կշիռը ապրանքների արտահանման կառուցվածքում 1.7 տոկոսային կետով անկում է արձանագրել` կազմելով 41%:
6. 2019թ.-ին 2018թ.-ի համեմատ որոշ ապրանքների կտրվածքով գրանցված ներմուծման ծավալների աճը նպաստել է բյուջե հավաքագրվող անուղղակի հարկերի ավելի մեծ ծավալների աճին, իսկ հարկային եկամուտների աճին (ներառյալ պետական տուրքը) նպաստել են չգրանցված աշխատողների գրանցմամբ պայմանավորված եկամտային հարկի ծավալների աճը, ակցիզային հարկի բարձրացումը և նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրումը:
7. Ցածր գնաճը (1.4%) ուղեկցվել է մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքների գների զգալի թանկացմամբ, ինչը բացասաբար է ազդել խոցելի համարվող բնակչության խմբերի վրա:
8. Մինչ համավարակի տարածումը, 2019թ.-ի վերջի դրությամբ, ՀՀ պետական պարտքն արդեն գերազանցում էր 2018թ.-ի ցուցանիշը 5.8%-ով՝ կազմելով 7.32 մլրդ ԱՄՆ դոլար:
9. Համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված վճարային հաշվեկշռի՝ օտարերկրյա ուղղակի ներդրումները 2019թ.-ին մնացել են նույն մակարդակի վրա՝ կազմելով 254.5 մլն ԱՄՆ դոլար (0.1% աճ), 45.1%-ով նվազել են վերաներդրված եկամուտները: Իսկ իրական հատվածում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են 48.1 մլրդ ՀՀ դրամ (ստացումների և մարումների տարբերություն)՝ նվազելով ավելի քան 35%-ով:
10. 2019թ.-ի պետական բյուջեի ծախսերի կատարողականի լուրջ թերակատարում է արձանագրվել. տնտեսական հարաբերությունների դեպքում` 28.7%, շրջակա միջավայրի պաշտպանության պարագայում` 46.6%, բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների դեպքում` 36.6% և այլն, ինչը չի նպաստել տնտեսական աճի ավելի բարձր տեմպի արձանագրմանը: