Նեպալում գրանցվել է կորոնավիրուսի հետեւանքով մահվան առաջին դեպքը
Շաբաթ Նեպալի առողջապահության եւ ազգաբնակչության նախարարությունը հաստատել է երկրի տարածքում կորոնավիրուսի հետեւանքով գրանցված մահվան առաջին դեպքը։ Այդ մասին հայտնել է The Kathmandu Post թերթը՝ հղում անելով նախարարության հայտարարությանը։
«Մանրակրկիտ հետաքննությունն ու մի շարք թեստերը վկայում են, որ գրանցվել է առաջին մահը երկրում տարածված COVID-19-ի հետեւանքով»,-պարբերականը մեջբերում է առողջապահության նախարարության ներկայացուցչի հայտարարությունը։
Թերթի տեղեկություններով՝ կորոնավիրուսով վարակված կինը մահացել է հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին։ Բժիշկներն անցկացրել են կորոնավիրուսի թեստ հետմահու, որը ցույց է տվել դրական արդյունք, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նեպալում գրանցված է նոր տիպի կորոնավիրուսով վարակման 281 դեպք։