Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ բռնության դեպքի վերաբերյալ (տեսանյութ)
Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել մայիսի 11-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ բռնության դեպքի վերաբերյալ:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները համատեղ միջոցառումներով պարզել են այդ անձի ինքնությունը, որը մայիսի 12-ին Հրազդանի կիրճում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով։ Էջմիածնի բնակիչ, 40-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է Քննչական կոմիտե։ Կատարվում է նախաքննություն։
ԱԺ նիստի ավարտից հետո, Արթուր Ալեքսանյանը Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում հետապնդել է իշխանության ներկայացուցիչ հանդիսացող` ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին, և պարզելով, որ վերջինս կողմ է քվեարկել կոնվենցիայի վավերացմանը, տվել է սեռական բնույթի հայհոյանքներ և սպառնացել հաշվեհարդար տեսնել նրա հետ:
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ, կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, բռնություն գործադրելու սպառնալիք տալու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: