Նուբարաշենում դատապարտյալների վեճն ավարտվել է դանակահարությամբ. Armeniasputnik.am
Armeniasputnik.am-ի տեղեկություններով՝ այսօր՝ լույսը դեռ չբացված, միջադեպ է տեղի ունեցել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում։ Խցերից մեկի դատապարտյալների միջև ինչ-ինչ պատճառներով վեճ է սկսվել, որն ուղեկցվել է հայհոյանքներով, վերածվել ծեծկռտուքի և ավարտվել դանակահարությամբ։
Քրեակատարողական հիմնարկի ծառայողները` ձայներ լսելով, շտապել են խուց, սակայն վիճողներից երկուսն արդեն դանակահարված են եղել։ Նրանք ահազանգել են շտապօգնություն։
Տուժածները, որոնք մոտ 45-ամյա տղամարդիկ են, տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Ըստ որոշ լուրերի՝ նրանցից մեկը վնասվածքներ է ստացել կրծքավանդակի շրջանում։ Դատապարտյալները գտնվում են բժիշկների հսկողության ներքո։
Քրեակատարողական հիմնարկ այցելած քննիչներն ու ոստիկանության ծառայողները պարզում են կատարվածի մանրամասները։