Մաղթում եմ միասնություն և ուժ՝ ի շահ միասնական հայրենիքի․ Սամվել Բաբայանի շնորհավորական ուղերձը
Միասնական հայրենիք կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի կազմավորման 28-րդ տարելիցի առիթով․ հայտարարությունն ամոբողջությամբ՝ ստորև․
Սիրելի հայրենակիցնե´ր, հայրենյաց պաշտպաննե´ր, ազատամարտիկնե´ր,
այսօր նշում ենք Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 28-րդ տարեդարձը։
Կազմավորվելով դժվարին պայմաններում՝ հայկական բանակը պատվով հաղթահարեց ծանրագույն փորձությունները․ հաղթեց պարտադրված պատերազմում ու ծնկի բերեց հակառակորդին՝ պարտադրելով զինադադար։
Այսօր մենք ունենք հաղթանակած և կայացած բանակ՝ շնորհիվ մեր նվիրյալների: Ես խոնարհվում եմ այն վեց հազար զոհված ազատամարտիկների պայծառ հիշատակի առջև, ովքեր իրենց արյունով վերագծեցին տասներկու հազար քառակուսի կիլոմետր տարածքով մեր սահմանները։ Մենք բոլորս չհատուցած պարտք ունենք նրանց առջև:
Ուստի անթույլատրելի եմ համարում աննախադեպ չափերի հասնող մարդկային ներուժի այսօրվա կորուստները։ Այլևս չպետք է թույլ տանք, որ շարունակվեն զոհվել մեր զինվորներն ու սպաները, որ ծնողները բանակից իրենց որդիների վերադարձը հրաշք համարեն: Եվ այսօր առաջնահերթ խնդիր եմ համարում բանակի անհապաղ վերազինումը ժամանակակից զինատեսակներով։ Խնդիր, որի մասին բազմիցս եմ արտահայտվել։ Ներկայում տեխնոլոգիաների և ուղեղների պատերազմ է, և պիտի անել ամեն բան, որպեսզի հաղթենք նաև այս պատերազմում։
Սիրելի´ հայրենակիցներ,
ես հավատում եմ, որ մենք հասկանում ենք պահի լրջությունը և ճիշտ ընտրության արդյունքում մարտունակ բանակ ունենալու այսօրվա բարեմաղթանքների փոխարեն մեկ տարի անց միմյանց կշնորհավորենք մարտունակ և անխոցելի բանակ ունենալու կապակցությամբ։
Շնորհավորում եմ հայկական բանակի և հայրենյաց պաշտպանի օրվա կապակցությամբ, մաղթում եմ միասնություն և ուժ՝ ի շահ միասնական հայրենիքի։