Հարթենյանի արարքն ու ատելության տարածմանը միտված գործողությունները խոսում են իշխանական էլիտայի որակական հատկանիշների մասին
Օրերս Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը Facebook-ի «stories» բաժնում տեղադրել էր մի աղջկա ֆեյսբուքյան էջ ու գրել․ «Հրայր Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»: Ինչպես հետո պարզվեց, տվյալ աղջիկը Թովմասյանի դուստրը չէր, բայց նիկոլական շրջանակներն ու ֆեյքերն արդեն գրոհել էին ու ատելությամբ ողողել աղջկա էջը։
Այս ամենին հաջորդեց «Իմ Քայլը» խմբակցության հայտարարությունն այն մասին, թե իրենք դատապարտում են ատելության խոսքի ցանկացած դրսևորում ու պատրաստվում են գումարել հրատապ նիստ՝ Հարթենյանի պահվածքի հետ կապված։ Ինչքան էլ իշխող խմբակցությունը նիստ գումարի ու «դատապարտող» հայտարարությամբ հանդես գա, մեկ բան հստակ է․ Հարթենյանի ստոր արարքն ու ատելության տարածմանը միտված գործողոությունները խոսում են Նիկոլի ու իշխանական էլիտայի որակական հատկանիշների մասին, քանի որ 1․5 տարվա ընթացքում բազմիցս ենք համոզվել, որ իրենց քաղաքական հայացքները չկիսող անձանց նմանատիպ եղանակով քննադատելն ու նրանց նկատմամբ ատելություն տարածելը հովանավորվում է իշխանության ամենաբարձր օղակների կողմից։
Այստեղ Հարթենյանը, բացի ատելություն տարածելուց, այլ խնդիր էր լուծում: Հարցն այն է, որ Հրայր Թովմասյանի հետ կապված քննարկումներն ու «բացահայտումները» բացասաբար էին անդրադարձել Նիկոլի վարկանիշի վրա ու թեման շեղելու պատրվակով հրապարակ բերվեց Հարթենյանը, ում միջոցով իշխող խմբակցությունը փորձում է հասարակության բացասական վերաբերմունքը շեղել Նիկոլի վրայից՝ փուռը տալով երիտասարդ թիմակցին։ Այս ամենը սպառնում է Նիկոլի հետ աշխատող և նրա թիմում գտնվող բոլոր մարդկանց, քանի որ Նիկոլը սովոր չէ պատասխանատվություն կրել սեփական սխալների համար։ Այն պահին, երբ հանրությունը կքննադատի ու կդատապարտի Նիկոլի քայլերը, կգտնվի մեկը, ում միջոցով իշխող կուսակցությունը կփորձի բացասական ալիքը շեղել Նիկոլի վրայից՝ քավության նոխազ դարձնելով այլ անձանց։ Ցավոք, այսպիսին է այսօրվա իշխանության ու ղեկավարի որդեգրած քաղաքականությունը՝ փախչել սեփական սխալների համար պատասխանատվություն կրելուց։