Պայթեց հերթական փուչիկը․ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ չէր կարող հարուցվել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանին ամիսներ առաջ մեղադրանք էր առաջադրվել։ Օրերս, սակայն, Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է, որ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին որոշումը ոչ իրավաչափ է և անօրինական։ Ի՞նչ է ստացվում․ հարուցվել է կեղծ քրեական գործ, տարածվել են անմեղ մարդուն զրպարտող հայտարարություններ, առգրավվել են աշխատանքային փաստաթղթեր ու համակարգիչներ, մարդու վրա գործադրվել են հոգեբանական բազմաթիվ ճնշումներ միայն այն պատճառով, որ նրան վարկաբեկեն և զրկեն Ռոբերտ Քոչարյանի գործի հետագա քննության հնարավորությունից։
Այս ամենը հերթական ապացույցն է այն բանի, որ գործող իշխանությունը Նիկոլի գլխավորությամբ, ճնշումներ է գործադրում դատական համակարգի և հատկապես այն դատավորների վրա, որոնք կհանդգնեն չկատարել իրենց հրահանգները։ Անմեղ մարդկանց դեմ քրեական գործեր հարուցելով ու տարատեսակ դիտարժան շոուներ կազմակերպելով՝ Նիկոլը ցանկանում է ամեն գնով փրկել իր վարկանիշը, որը ռեկորդային արագությամբ անկում է ապրում։ Սակայն այդ ամենը թիթեռի կյանք է ունենում, քանի որ ամեն ինչ շատ արագ բացահայտվում է, իսկ հասարակության գիտակից ու մտածող հատվածը շատ լավ տեսնում է, որ ամեն բան սարքած է մեկ մարդու քմահաճույքով և որևէ իրավական հիմք չունի։