Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին Ֆրանսիա բուժման ուղարկելու վերաբերյալ միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու միջնորդությունը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 21-ին, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանները դատարանին միջնորդություն են ներկայացրել նրան բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու վերաբերյալ:
Դատական նիստի ժամանակ Մ.Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանն ասաց, որ Գրիգորյանի հարազատները կհոգան Ֆրանսիայում բուժվելու բոլոր ծախսերը:
Մեղադրող կողմն առարկեց միջնորդությանը՝ նշելով, որ որևէ փաստական տվյալ եւ հիմնավորում չկա, որ Մանվել Գրիգորյանը ներկայիս առողջական վիճակում չի կարող անհրաժեշտ բուժօգնություն ստանալ Հայաստանում:
Հունվարի 15-ին ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխվել է, և նա ստորագրությամբ ազատ է արձակվել`երկրից չհեռանալու պայմանով: