Ադրբեջանը շարունակում է անցյալի հանդեպ պատասխանատվությունից խուսափելու վարքագիծը. Արցախի ԱԺ նախագահ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի կարծիքով՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում 30 տարի առաջ տեղի ունեցած հայերի ջարդերը հարևան պետության իշխանությունների կողմից կազմակերպված և իրագործված հանցագործություն է մարդկության դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ղուլյանն ասաց հունվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովում կազմակերպված Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված համատեղ հատուկ նիստի ընթացքում:
«Այն, ինչ տեղի է ունեցել 1990թ. հունվարին Բաքվում՝ հանցագործություն է մարդկության դեմ՝ կազմակերպված և իրագործված հարևան պետության իշխանությունների կողմից: Մեկ շաբաթ շարունակ Բաքվի հայությունն իրենց բնակարաններում, աշխատանքի վայրում, կրթական և այլ հաստատություններում ենթարկվել է նվաստացման, խոշտանգումների և ջարդի, որի արդյունքում հարյուրավոր մարդիկ զոհվել են, իսկ հազարավորները տեղահանվել և արտաքսվել»,- ասաց Ղուլյանը:
Արցախի ԱԺ նախագահի խոսքով՝ այն, որ տեղի ունեցածը կոծկվելու էր հարևան երկրի իշխանությունների կողմից, պարզ էր հենց ամենասկզբից:
«Այդ գործողությունները մաս էին կազմում 1988թ. ազատության համար պայքարի ելած Արցախի հայությանը ճնշելու ամբողջական քաղաքականության, որը դրսևորվել է 1988թ. փետրվարին՝ Սումգայիթում, նոյեմբերին` Գանձակ (Կիրովաբադում), 1990 թվականին՝ Բաքվում: Ցավալի է, որ երեսուն տարի անց էլ Ադրբեջանը շարունակում է իր անցյալի հանդեպ պատասխանատվությունից խուսափելու վարքագիծը՝ հունվարյան դաժան օրերի սլաքներն այլ ուղղությամբ տանելու և իրեն, որպես զոհ ներկայացնելու միջոցով»,- նշեց նա:
Աշոտ Ղուլյանը հավելեց, որ հայատյացությունը շարունակում է մնալ Ադրբեջանի պետական քաղաքականության գերակայություն՝ արտահայտվելով անգամ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի բնագավառներում, նշելով, որ վերջին օրերին ականատես եղանք դրա հերթական դրսևորմանը, երբ ադրբեջանցի երգիչը հրաժարվեց նույն բեմ դուրս գալ հայ երգչուհու հետ:
«Երեսուն տարի առաջ կատարված ոճիրի անցքերն ուսումնասիրելիս, մի պարզ և մարդկային հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող էր նույն ժողովուրդը երեք անգամ ջարդի ենթարկվել մի քաղաքում, որի հիմնաքարերն իր ձեռքով է դրել: Պատասխանը մեկն է՝ ստեղծագործ և արարող հայը չի սպանել իր մեջ մարդասիրությունը, չի լքել իր ժառանգությունը՝ ամեն անգամ հաղթահարելով իրեն հասցված ցավը»,- ասաց Ղուլյանը: