Ձեր կին գործընկերոջն են վիրավորել, ու վիրավորանքը ձեր սիրած սյուժեի շրջանակում է. Ն. Զոհրաբյանը` իմքայլականներին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի կողմից նույն խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին վիրավորելու դեպքին:
«Էս բա ո՞ւր եք, ազգի Կլարա Ցետկիններ
Իմքայլական տղամարդ պատգամավորը իմքայլական կին պատգամավորին վիրավորել է: Տգեղ: Շատ տգեղ: Կնոջ ամենացավալի նյարդին դիպչելով: Բայց ես ինչ-որ չեմ լսում կանանց դեմ խտրականության, հոմոֆոբիայի, սեքսիզմի դեմ պայքարի առաջամարտիկ թիմակից ֆեմինիստուհիների բողոքն ու ընդվզումը:
Էս ո՞ւր եք, կանանց դեմ խտրականության առաջնագծում կռիվ տվող ռոզալյուքսեմբուրգներ ու կլարացետկիններ: Թե՞ ձեր ֆեմինիստական «դուխը» հերիքում է մինչև առաջին պատահած միջազգային կառույցի դուռը` հերթական գրանտը ստանալու և կանանց դեմ խտրականության բոլոր ձևերի դեմ, գրանտի չափաբաժնի շրջանակում, «պայքարելու» համար, ու մեկ էլ օրը 90 հատ նամակ տարբեր ատյաններ գրելու, որ Նաիրա Զոհրաբյանը ոնց որ թե էնքան էլ ֆեմինիստ չէ:
Ձեր կին գործընկերոջն են վիրավորել ու վիրավորանքը ձեր սիրած սյուժեի շրջանակում է, ինչի մասին օրը հազար հատ ստատուս եք գրում ու նույնքան էլ հարցազրույց տալիս:
իսկ իրականում` դուք չեք էլ պատկերացնում, թե ինչքան ողորմելի ու խեղճ եք, հոգով ինչքան հաշմանդամ եք ու ինչքան տգեղ եք էդ ձեր կեղծ արժեքներով ու հերթական գրանտի սահմաններում լալահառաչ տեքստերով:
Ու ինչ լավ է, որ ձեր տեսակը` մանկուրտ, անհայրենիք ու կեղծ՝ քիչ է, ու ես ինձանից կախված ամեն ինչ կանեմ, որ հանկարծ չշատանաք:
Դա ես ձեզ խոստանում եմ»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ պատգամավորների միջեւ քննարկումը ծավալվել էր ֆեյսբուքյան տիրույթում՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խորհրդական Աշոտ Սարգսյանի գրառման մեկնաբանություններում։ Գրառմամբ Աշոտ Սարգսյանը քննադատել էր Սոֆյա Հովսեփյանի այն պնդումը, թե նախարարությունը որդեգրել է հիվանդանոցները փակելու վարքագիծ: Սոֆյա Հովսեփյանը, որ մինչեւ պատգամավորական մանդատ ստանալը եղել է Շիրակի փոխմարզպետ եւ կարգավորել առողջապահության ոլորտը, գրել էր, որ այն ժամանակ մարզպետ Կարեն Սարուխանյանը խտրական վերաբերմունք է ցույց տվել, երբ անհրաժեշտություն է եղել կրճատել 18 հաստիք, ինչն էլ դարձել է իրենց միջեւ բախման պատճառ։ Ըստ պատգամավորի՝ կրճատվողներից ամենատարեցի որդին զանգահարել է մարզպետին եւ խնդրել բացառություն անել, ինչին մարզպետը ընդառաջել է, մինչդեռ ինքը պնդել է, որ դա արատավոր երևույթի շարունակություն է, պետք է կրճատել բոլորին։ Ի վերջո, ոչ ոք չի կրճատվել, ինչն էլ, Սոֆյա Հովսեփյանի պնդմամբ, ֆինանսական խնդիրներ է առաջացրել ծննդատանը, որն այս պահին արդեն ֆինանսավորման բացակայության պատճառով պետք է լուծարվի։ Կարեն Սարուխանյանը հակադարձել է, որ այդ հաստատությունում մարզպետարանի կողմից կատարած ֆինանսական աուդիտի արդյունքները ցույց են տալիս, որ ոչ թե այդ աշխատողների թիվն է հասցրել ֆինանսական ծանր պայմանների, այլ ծննդատան աշխատանքը՝ պայմանավորված ծնելիության քանակի նվազ լինելով։