Նիկոլը պայքարում է ժողովրդի ու պետության դեմ
Օրերս Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պետական կառավարման համակարգին։ Նիկոլի կարծիքով ողջ պետական համակարգը հեղափոխությանը դիմադրում է և ինքն այդ դիմադրությունը պետք է ջարդի։ Ի՞նչ է ստացվում․ պետությունը սկսել է խանգա՞րել Նիկոլին։ Հեղափոխություն կոչվածն ամեն քայլափոխի ներկայացվում է որպես ժողովրդին տրված աստվածային արժեք, որն ըստ Նիկոլի հայտարարությունների, գնալով խզում է իր կապը պետության հետ։ Իրականում, սա շատ ավելի վտանգավոր է, քան մենք պատկերացնում ենք։ Տպավորություն է, թե բոլորը մեղավոր են, բացի իշխանություններից, որոնք իրենց ստանձնած պատասխանատվությունը փորձում են դնել այլոց՝ ժողովրդի, նախկին իշխանությունների, կառավարման ներկայիս համակարգի ուսերին։
Նոնսենս է, երբ պետության ղեկավարը հայտարարում է, որ ինքը պայքարելու է սեփական պետության դեմ ու ջարդելու է պետական համակարգը։ Հետաքրքիր է, ինչո՞ւ հենց այս պահին որոշվեց հարձակում գործել պետական ապարատի վրա։ Ինչպես երևում է Նիկոլը չի ցանկանում պետական բյուջեն «վատնել» մարդկանց աշխատավարձերի և նպաստների վրա, և պետական ապարատի վրա հարձակում գործելով, հող է նախապատրաստում ապագա զանգվածային կրճատումների համար, որը նախատեսված էր իրականացնել նախոդ տարի, սակայն չարվեց՝ խուսափելով դժգոհության ալիքից։ Այս ամենի արդյունքում պետական համակարգը կազմաքանդվելու և լցվելու է արևմտամետ, սորոսական գրանտակերներով, ավելանալու է գործազուրկների թիվը, որոնք անտեսվելով սեփական կառավարության կողմից՝ բռնելու են արտագաղթի ճանապարհը։