Ավտոմեքենան Առինջ գյուղում գազատար խողովակ է վնասել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը դեկտեմբերի 12-ին, ժամը 11:49-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Աբովյան թաղամասի 8-րդ փողոցում գազատար խողովակը վնասվել է. առկա է արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Աբովյան թաղամասի 8-րդ և 11-րդ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Howo» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կամո Մ.) բախվել է գազատար խողովակին և վնասել այն. տուժածներ չկան:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների մոտենալը: Վերջիններս դադարեցրել են գազի արտահոսքը: