Ժողովրդավարության սահմանագիծն Արցախում պետք է պայմանավորված լինի անվտանգությամբ
«Փաշինյանի այն լոզունգը, թե լուծումը պետք է բավարարի հակամարտության բոլոր կողմերին, դատարկ, ոչինչ չասող խոսք է, միջնորդի պարզմիտ բանաձեւ։ Դա ուղիղ ապացույցն է այն բանի, որ Հայաստանը չունի գործողությունների պլան: Բրատիսլավայում կայացած բանակցությունների վերջին շրջափուլը եւ դրա շուրջ զարգացող իրադարձությունները ցույց տվեցին մեր իշխանությունների բանակցային ռազմավարության բացարձակ սնանկությունը (եթե, իհարկե, այդպիսի ռազմավարություն ընդհանրապես գոյություն ունի)։ Արցախը պետք է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի եւ հստակ սահմանի իր դիրքորոշումը կարգավորման հիմնական բաղադրիչների վերաբերյալ: Միայն այդպես է հնարավոր խուսափել անուղղելի հետեւանքներից: Ընդ որում, Արցախը պարտավոր է հենվել իր Անկախության հռչակագրի եւ Սահմանադրության վրա՝ չվախենալով ՀՀ իշխանության հետ տարաձայնություններից:
Իշխանության հռչակված իրավահաջորդի բացակայությունը բերեց քաղաքական դաշտի ծայրահեղ հատվածականացման: Ղարաբաղյան էլիտայի տարբեր հատվածները ներկայացնող նախագահի թեկնածուների այսպիսի քանակ երբեք չի եղել: Սա ոչ թե ժողովրդավարության նշան է, այլ՝ մասնատվածության դրսեւորում, ինչը մարտահրավեր է Ղարաբաղի անվտանգությանը: Ժողովրդավարության սահմանագիծն Արցախում պետք է պայմանավորված լինի անվտանգությամբ, ոչ թե հակառակը: Ընտրություններին արտաքին ուժերի կողմից ֆինանսավորվող ոչ կառավարական կազմակերպությունների միակցումը հարցեր է առաջացնում: Այդպիսի կազմակերպություններ եւ պացիֆիստական կրոնական աղանդներ Արցախում չպետք է լինեն ընդհանրապես: Տեղի ունեցողն ավելի վտանգավոր է, քան շփման գծում գրանցվող ռազմական միջադեպերը, քանի որ դրանով ոչնչացվում են հենց այն արժեքները, որոնց շնորհիվ մենք հաղթել ենք: Կցանկանայի սխալվել, բայց իմ աչքերում սա Ղարաբաղի վզին փաթաթված սցենար է երեւում, եւ թվում է, որ այն իրականացվում է Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ:
Անընդունելի է Ղարաբաղում ունենալ քծնող նախագահ, ով հնազանդորեն տուրք է տալիս որեւէ մեկի, ներառյալ Հայաստանի վարչապետի, քմահաճույքներին: Այդ որակները հատուկ են տկար եւ թույլ անձերին, իսկ այդպիսի «առաջնորդությունը» կարող է աղետալի հետեւանքներ ունենալ Արցախի համար: Այնտեղ պետք են պատերազմով կոփված խիզախ առաջնորդներ: Հուսամ՝ ղարաբաղցիների ընտրությունը հենց այդպիսին կլինի». հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Հրապարակ» թերթին տված հարցազրույցից: