Նիդերլանդների ներկայացուցիչների պալատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Նիդերլանդների ներկայացուցիչների պալատը վավերացրել է Հայաստան- Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: «Նիդերլանդների ներկայացուցիչների պալատն առանց քննարկման և քվեարկության միաձայն վավերացրել է Հայաստան- Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»,-նշում է դեսպան Բալայանը:
ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Նիդերլանդների ներկայացուցիչների պալատի կողմից համաձայնագրի՝ հատուկ ընթացակարգով վավերացումը երկկողմ հարաբերությունների դրական զարգացում է համարում: «Ակնհայտորեն Հայաստան - Նիդերլանդներ հարաբերությունները որակական նոր փուլ են թևակոխել»,-նշում է ԱԺ փոխնախագահը։
Ներկայացուցիչների պալատը երկրի երկպալատ խորհրդարանի ստորին պալատն է: Մյուսը Սենատն է:
Հայաստան- Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացրել են 18 պետություն՝ Բուլղարիան, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Էստոնիան, Իռլանդիան, Կիպրոսը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Հունգարիան, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Ֆինլանդիան, Միացյալ Թագավորությունը և Հայաստանի Հանրապետությունը: