Ոստիկանները կնոջից 1 միլիոն 700 հազար դրամ շորթելու պահին բերման են ենթարկել կասկածյալին
ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Չարենցավանի բաժնի ծառայողների համատեղ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում՝ Հրազդանի բնակիչն իր ծանոթ կնոջից պահանջած 1 մլն 700 հազ. դրամը շորթելու պահին բռնվել ու բերման է ենթարկվել: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
«Դեկտեմբերի 4-ին մի կին ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում էր տվել, որ սոցցանցերից մեկով ծանոթացել է Հրազդանի բնակիչ մի տղամարդու հետ, որի հետ հետագայում ինտիմ կապի մեջ են գտնվել։ Այնուհետև տղամարդը կնոջ մասին արատավորող տեղեկություններ չհրապարակելու, ինչպես և կնոջ երեխաների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, նրանից պահանջել ու ստացել է ընդհանուր 3․000․000 դրամի ոսկյա զարդեր և 9 միլիոն 660 հազար դրամից ավելի գումար։ Նույն սպառնալիքով օրերս պահանջել է նաև 1․700․000 դրամ։ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Կոտայքի մարզային վարչության, Չարենցավանի բաժնի ծառայողների համատեղ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում՝ Հրազդանի բնակիչը պահանջած 1․700․000 դրամը ստանալու պահին բռնվել ու բերման է ենթարկվել գլխավոր վարչություն։ Տղամարդը ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։
Շորթված գումարը հայտնաբերվել է։
Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։