ԱԺ-ի հերթական աբսուրդը. «հպարտ քաղաքացիները» պատրա՞ստ են 630 մլն վճարել՝ ՍԴ դատավորներին թոշակի ուղարկելու համար
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթն ավելի վաղ հավանության էր արժանացել նաև կառավարության կողմից:
Սույն օրինագծի համաձայն՝ եթե մինչև 2020 թ.-ի հունվարի 31-ը Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, հրաժարական ներկայացնեն, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը, իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ կստանան:
Այս փաթեթը, որն արժանացել էր ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների՝ «Լուսավոր Հայաստանի» և «Բարգավաճ Հայաստանի» բացասական արձագանքին ու հարուցել վերջիններիս վրդովմունքը, նախատեսում է վաղաժամ թոշակի անցած ՍԴ դատավորներին վճարել 630 մլն դրամ (եթե յոթն էլ միասին և միաժամանակ հրաժարական տան)։
Սույն օրինագծով, փաստորեն, վաղաժամ թոշակի անցած դատավորները հարկատուների հաշվին անաշխատ աշխատավարձ են ստանալու: Եվս մեկ հարկ ու սոցիալական բեռ «Հայաստանի հպարտ քաղաքացիների» ուսերին, նրանց ապրելակերպը բարելավելու ու կյանքի որակը բարձրացնելու փոխարեն:
Չի բացառվում, որ մասնագետների կողմից հակասահմանադրական որակվող այս օրինագծով կմեծանա դատական համակարգի հանդեպ անվստահությունը, քանի որ ՀՀ քաղաքացիները ցանկանում են ունենալ այնպիսի դատական համակարգ, որին կկարողանան լիարժեքորեն վստահել, այն իսկապես արդար ու ճնշումներից ազատ կհամարեն: Սակայն ակնհայտ է, որ մարդիկ չեն ցանկանում իրենց վճարած հարկերի հաշվին պաշտոնաթող եղած դատավորները կլորիկ գումարի տեսքով աշխատավարձ ստանան:
Հետաքրքիր է, որ խոսվում է միայն Սահմանադրական դատարանի դատավորների մասին, և օրինագիծը չի տարածվում մնացած դատարանների դատավորների վրա: Սրանով փորձ է արվում դատավորներին հասկացնելու, որ կարճ ժամանակ անց՝ մինչև գալիք տարվա հունվարի 31-ը, իրենք հնարավորություն ունեն ինքնակամ հրաժարական ներկայացնել ու թոշակի անցնել, նաև աշխատավարձ ստանալ: Հետո, հավանաբար, այդ հնարավորությունը նրանց այլևս չի ընձեռնվի: Իսկ միգուցե սրանով ևս մեկ անգամ ճնշո՞ւմ է գործադրվում ՍԴ-ի վրա՝ ենթատեքստում ցանկանալով այս կերպ ևս փորձել կորզել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականը և ձևավորել իշխանություններին հաճո ՍԴ կազմ:
Իսկ նոր, իշխանական հավատամքին համապատասխանող ՍԴ-ն հեշտությամբ դրական եզրակացություն կտա այսօր օրակարգային համարվող մի շարք խնդրահարույց օրինագծերին ու նախագծերին՝ այդ թվում տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիային: Արդյունքում, կյանքի կկոչվեն իշխանության նպատաներներն ու ցանկությունները, իսկ հասարակ մարդկանց օրհասական խնդիրները կհայտնվեն լուսանցքում: Ընդգծենք, որ Սահմանադրական դատարանն իր ներկայիս կազմով նոր Հայաստանի եզակի կառույցներից է, որն անկախ գործունեություն է վարում և չի «պարում իշխանության դուդուկի հնչյունների ներքո»՝ սահմանելով բացառապես իրավական խաղի կանոններ:
Խմբագրական