«Թավշյա» բռնապետության մեկ տարին
Մեկ տարի առաջ՝ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում իշխանության եկան Իմքայլականները։ Ընտրություններից առաջ նրանք ժողովրդին խոստացել էին բազում բարեփոխումներ, սակայն իշխանության գալուց հետո հասարակ քաղաքացիների կյանքում ոչ միայն դրական տեղաշարժ չեղավ, այլև առաջացավ սոցիալական և քաղաքական խորը ճգնաժամ: Երկրում գնալով վատացավ սոցիալ-տնտեսական և քաղաքական դրությունը, ավելացավ արտագաղթը, Արցախյան հարցի բանակցային պրոցեսը դեմ առավ պատին։ Այս ամենին գումարվեց նաև երկրի ներսում ստեղծված ներքաղաքական ճգնաժամն ու ատելության մթնոլորտը։
Ամենուր բռնաճնշումներ ու քաղաքական հետապնդումներ են։ Փաշինյանն ու յուր կառավարությունը դատական համակարգն իրենց ենթարկեցնելով, քաղաքական հետապնդումներ սկսեցին Արցախի հերոսների ու նախկին նախագահների նկատմամբ։ Մեկ անձի հրահանգով մարդկանց սկսեցին փռել ասֆալտին, ծեփել պատերին, «թաթիկները կտրել» ու հայտարարել, որ իրեք «ժողովրդավար» իշխանություն են։ Երկրում քաոս ու վախի մթնոլորտ է տիրում։ Ստեղծված իրավիճակն առաջացրել է հասարակության տարբեր շերտերի հիասթափությունն ու թևաթափ արել Փաշինյանի հանդեպ հույսով լցված ժողովրդին։ 1․5 տարիկ առաջ Փաշինյանի կողքով քայլող և նրան սատարող քաղաքացիներն այսօր բողոքի ակցիաներ են կազմակերպում կառավարության շենքի դիմաց, սակայն «ժողովրդի» վարչապետն իր աշխատասենյակից չի էլ բարեհաճում դուրս գալ, որպեսզի լսի իրեն վարչապետի աթոռին նստեցրած քաղաքացիների պահանջը։ Այսպիսինն է մեկ տարի առաջ ԱԺ մտած քաղաքական մեծամասնությունը։