Ինչո՞ւ է լայվերի և շոուների սիրահար Նիկոլը Արցախի հարցում «գաղտնապահ» և հանգիստ
Նիկոլ Փաշինյանը շարունակում է կեղծ օրակարգերը: Մինչ Արցախի շուրջ անհասկանալի զարգացումներ են տեղի ունենում, Փաշինյանը կրկին սկսում է թեման շեղել ոչ բովանդակային հայտարարություններով: Կառավարության նիստի ժամանակ խոսում է, ինչպես ինքն ասաց՝ «չուզող հարևանի» նման կառավարության դիմաց բողոքող մարդկանցից, Բրեգովիչի համերգից, հերթ կանգնելու դասեր է տալիս և ոչ մի խոսք Արցախի շուրջ տեղի ունեցող բանակցային գործընթացից: Պատերազմական իրավիճակում գտնվող երկրի առաջնորդը խոսում է ինչ-որ անիմաստ բաներից, այն պարագայում, երբ հանրությանը հետաքրքրում է, թե ինչ աժիոտաժ է Արցախի շուրջ:
Սա հերթական անգամ ապացուցում է այն, որ Փաշինյանը ամեն կերպ փորձում է հանրության ուշադրությունը շեղել Արցախի հիմնահարցի շուրջ քննարկումից: Այլապես, ինչ եք կարծում, մի՞թե պատահականություն է կարևոր հանդիպումից մեկ օր առաջ աղմկահարույց գործեր հարուցելն ու ձեռբակալումները, այս թեմայի հետ առընչություն չունեցող ելույթները ու քննարկումները: Բնականաբար պատահականություն չէ: Սա Նիկոլ Փաշինյանի որդեգրած քաղաքականության տրամաբանությունն է. աղմուկով և սկանդալով շեղել հանրության ուշադրությունը ցանկացած կարևորագույն հարցից: Այս ամենից հետո ցրվում են կասկածները և հաստատվում այն, որ Փաշինյանը գաղտնի բանակցություններ է վարում Ալիևի հետ: Ի՞նչ կա Փաշինյանի մտքին հայտնի չէ, բայց այն, որ նման վերացական վերաբերմունքն Արցախի հարցին արդեն իսկ վտանգների մասին է մատնանշում, փաստ է: